10:08  ,  26 հոկտեմբերի, 2021

Գուրգեն Մադոյանը՝ ԱԱ-ում առաջին հաղթանակի մասին․ Մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում առաջին հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի անդամ Գուրգեն Մադոյանը նշել է, որ ռինգ է դուրս եկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։

«Հավաքականից առաջին մենամարտը ես անցկացրեցի: Պատասխանատվությունը մեծ էր ու քանի որ առաջին մենամարտն էր անծանոթ արենայում։ Մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի: Կպատրաստվեմ հաջորդ մենամարտին: Ես այստեղ եմ եկել ոսկե մեդալ նվաճելու համար»,- Գուրգեն Մադոյանի խոսքը մեջբերում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ 67 կգ քաշային բռնցքամարտիկը 1/32 եզրափակիչում մենամարտել է սլովենացի Ալջազի Սիրցելի հետ եւ հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ` 30:27, 30:27, 30:27, 30:26, 30:26:

1/16 եզրափակիչում Մադոյանի մրցակիցը կլինի լեհ Դամիան Դուրկաչը։

57 կգ քաշային Արթուր Բազեյանն առանց պայքարի էր դուրս եկել 1/16 եզրափակիչ։ Նրա մրցակից, պուերտոռիկացի Յան Պիզարո Ռիվերան թույլատրվածից բարձր քաշ էր ունեցել։

Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները.

Սեյրան Եղիկյանը (48 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակիչում եւ կմրցի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում 1/8 եզրափակիչում Եղիկյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուուլու Միրլան Տուրկբաին:   

Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը (51 կգ)  կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ա. Տերտերյանն է:

Վահե Բադալյանը (54 կգ) մեկնարկային մենամարտում ուժերը կչափի չինական Տայպեյի ներկայացուցիչ Լի Իի հետ:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ) քաշայինների պայքարում 1/32 եզրափակիչում կհանդիպի հնդիկ Սինգ Վարինդերին:

Տոկիո-2020 բրոնզե մեդալակիր, կրկնակի աշխարհի բրոնզե մեդալակիր, կրկնակի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Դոնիս Ռեյես (Գվատեմալա) - Մ. Հասանով (Ադրբեջան) զույգի հաղթողը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արման Դարչինյանը (71 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Ս. Իսիկ (Թուրքիա) - Ռուստամբեկ Ուլուու (Ղրղզստան) զույգի հաղթողը:

Համբարձում Հակոբյանի (80 կգ) մրցակիցը 1/16 եզրափակիչում  Ջ. Յոմխոտ (Տայպեյ) - Ս. Սադոմա (Ռուսաստան) զույգի հաղթողն է:

Նարեկ Մանասյանի (92 կգ) մրցակիցը 1/32 եզրափակիչում Իտալիայի ներկակացուցիչ Ա. Մոուհիդայն է:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակիչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Տ. Ռովագայի հետ:

Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները մցրում են 13 քաշային կարգում: Հայաստանը ներկայացուցիչ ունի 11-ում:

Աշխարհի առաջնությանը մասնակցում է 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ Առաջին անգամ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ։ Չեմպիոնները ստանալու են 100 հազար դոլար, փոխչեմպիոնները՝ 50 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 25 հազար:

Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 6-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում