Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է փարիզյան ՊՍԺ-ում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի խաղի մասին։
«Մեսին կտրված է թիմից եւ գնդակ հաճախ չի ստանում։ Չէի ասի, որ նա վատ վիճակում է նոր թիմում, բայց ես տեսնում եմ, որ մեկուսացած է։
Ես ավելի շատ եմ հավանում, երբ Մեսին գործում է կենտրոնում։ Չեմ կարծում, որ նա օգուտ կտա թիմին՝ խաղալով աջ թեւում։ Կենտրոնում նա կարող է ռիթմ հաղորդել խաղին։ Պետք է գտնել լուծում, որպեսզի ավելի արդյունավետ օգտագործվեն Մեսիի, Նեյմարի եւ Մբապեի որակները միասին։
Ստույգ տվյալներ չունեմ, բայց տպավորություն է, որ նրանք շատ արդյունավետ չեն միասին։ Մեսին քիչ է մասնակցում գրոհներին»,- Անրիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Մեսին Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է չորս հանդիպման եւ 16 տարում առաջին անգամ ազգային լիգայի առաջին չորս խաղում չի կարողացել գոլ խփել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում