14:43  ,  25 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Արթուր Բազեյանն առանց պայքարի դուրս եկավ հաջորդ փուլ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանն առանց պայքարի դուրս եկավ 1/16 եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող աշխարհի առաջնության կշռման արարողության ժամանակ Արթուր Բազեյանի մրցակից, պուերտոռիկացի Յան Պիզարո Ռիվերայի քաշը թույլատրելիից բարձր է եղել։

Հոկտեմբերի 25-ին, Երեւանի ժամանակով 22։45-ին ռինգ դուրս կգա 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Նրա մրցակիցը 1/32 եզրափակիչում կլինի սլովենացի Ա. Սիրցելին։

Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները.

Սեյրան Եղիկյանը (48 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակիչում եւ կմրցի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում 1/8 եզրափակիչում Եղիկյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուուլու Միրլան Տուրկբաին:   

Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը (51 կգ)  կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ա. Տերտերյանն է:

Վահե Բադալյանը (54 կգ) մեկնարկային մենամարտում ուժերը կչափի չինական Տայպեյի ներկայացուցիչ Լի Իի հետ:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ) քաշայինների պայքարում 1/32 եզրափակիչում կհանդիպի հնդիկ Սինգ Վարինդերին:

Տոկիո-2020 բրոնզե մեդալակիր, կրկնակի աշխարհի բրոնզե մեդալակիր, կրկնակի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Դոնիս Ռեյես (Գվատեմալա) - Մ. Հասանով (Ադրբեջան) զույգի հաղթողը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արման Դարչինյանը (71 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Ս. Իսիկ (Թուրքիա) - Ռուստամբեկ Ուլուու (Ղրղզստան) զույգի հաղթողը:

Համբարձում Հակոբյանի (80 կգ) մրցակիցը 1/16 եզրափակիչում  Ջ. Յոմխոտ (Տայպեյ) - Ս. Սադոմա (Ռուսաստան) զույգի հաղթողն է:

Նարեկ Մանասյանի (92 կգ) մրցակիցը 1/32 եզրափակիչում Իտալիայի ներկակացուցիչ Ա. Մոուհիդայն է:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակիչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Տ. Ռովագայի հետ:

Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգում: Հայաստանը ներկայացուցիչ կունենա 11-ում:

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ Առաջին անգամ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ։ Չեմպիոնները ստանալու են 100 հազար ԱՄՆ դոլար, փոխչեմպիոնները՝ 50 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 25 հազար:

Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 6-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում