22:10  ,  24 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել է 11 բռնցքամարտիկով:

Սեյրան Եղիկյանը (48 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակիչում եւ կմրցի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում 1/8 եզրափակիչում Եղիկյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուուլու Միրլան Տուրկբաին:   

Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը (51 կգ)  կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ա. Տերտերյանն է:

Վահե Բադալյանը (54 կգ) մեկնարկային մենամարտում ուժերը կչափի չինական Տայպեյի ներկայացուցիչ Լի Իի հետ:

Արթուր Բազեյանը (57 կգ) կմեկնարկի 1/32 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ռիվերա Պիզարրոն է:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ) քաշայինների պայքարում 1/32 եզրափակիչում կհանդիպի հնդիկ Սինգ Վարինդերին:

Տոկիո-2020 բրոնզե մեդալակիր, կրկնակի աշխարհի բրոնզե մեդալակիր, կրկնակի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Դոնիս Ռեյես (Գվատեմալա) - Մ. Հասանով (Ադրբեջան) զույգի հաղթողը:

Գուրգեն Մադոյանը (67 կգ )1/32 եզրափակիչում ուժերը կչափի սլովակ Ա. Սիրցելիի հետ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արման Դարչինյանը (71 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Ս. Իսիկ (Թուրքիա) - Ռուստամբեկ Ուլուու (Ղրղզստան) զույգի հաղթողը:

Համբարձում Հակոբյանի (80 կգ) մրցակիցը 1/16 եզրափակիչում  Ջ. Յոմխոտ (Տայպեյ) – Ս. Սադոմա (Ռուսաստան) զույգի հաղթողն է:

Նարեկ Մանասյանի (92 կգ) մրցակիցը 1/32 եզրափակիչում Իտալիայի ներկակացուցիչ Ա. Մոուհիդայն է:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակիչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Տ. Ռովագայի հետ:

Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգում: Հայաստանը ներկայացուցիչ կունենա 11-ում:

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ Առաջին անգամ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ։ Չեմպիոնները ստանալու են 100 հազար ԱՄՆ դոլար, փոխչեմպիոնները՝ 50 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 25 հազար:

Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 6–ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս