10:11  ,  23 հոկտեմբերի, 2021

Ջիու-ջիցուի աշխարհի 10-ակի չեմպիոն Ռոջեր Գրեյսին Երեւանում է (ֆոտոշարք)

Ջիու-ջիցուն արվեստ է: Քիչ մարտարվեստներն կան, որ ուժ պետք չի մրցակցին հաղթելու համար: Հայաստանում այս մարտարվեստը լավ հիմքերի վրա է դրված եւ մեծ հեռանկարներ ունի: Վստահ եմ՝ Հայաստանը կունենա ջիու-ջիցուի մեծ չեմպիոններ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բրազիլական ջիու-ջիցուի աշխարհի 10-ակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 40-ամյա բրազիլացի Ռոջեր Գրեյսին:

Բրազիլացի տիտղոսակիր մարտիկն այս օրերին Հայաստանում է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի եւ նրա որդու՝ Վարդան Սարգսյանի հրավերով:

Հոկտեմբերի 22-ին Ռոջեր Գրեյսին Երեւանի ջիու-ջիցուի Legacy Brazilian Jiu Jitsu ակումբում վարպետության դաս անցկացրեց հայ մարտիկների հետ:

10-ակի աշխարհի չեմպիոնը նախ սեմինար անցկացրեց՝ իր փորձով ցույց տալով ջիու-ջիցուի իր հնարքները, սովորեցրեց ներքեւից եւ վերեւից մրցակցին պարտության մատնելու հնարքներին, ապա սփարինգ-մենամարտեր անցկացրեց ցանկացողների հետ:

«Ես եկել եմ այստեղ Վարդան Սարսգայնի հրավերով: Նա Հայաստանի նախագահի որդին է: Հայաստանում մասնակցելու ենք կոնֆերանսի, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին: Այստեղ գտնվելուս ընթացքում տեղեկացա, որ ջիու-ջիցու մարտարվեստով հետաքրքրված են եւ զբաղվում են նաեւ հայերը: Սիրով համաձայնեցի նախագահի որդու առաջարկին՝ մարզումներ անցկացնել հայ մարտիկների հետ: Այս հանդիպումով կաջակցենք մարտարվեստի կայացմանը Հայաստանում: Կարծում եմ՝ ջիու-ջիցուի ապագան Հայաստանում պայծառ է լինելու:

Ջիու-ջիցուն աշխարհում ամենարագ տարածվող եւ զարգացող մարտարվեստներից է: Կարծում եմ, որ դրա զարգացումը պետք է լինի ամենուր: Հայաստանում էլ ջիու-ջիցուն շատ արագ կզարգանա, քանի որ մարտիկները հեռանկարային են:

Սպորտի այս տեսակը համարում եմ արվեստ: Շատ քիչ մարտարվետսներ կան, որտեղ ուժ պետք չի մրցակցին հաղթելու համար: Դու կարող ես հաղթել մեկին,  որը քեզանից շատ ավելի ծանր է՝ օգտագործելով  ճիշտ տեխնիկա:

Վստահ չեմ, որ ես աշխարհում լավագույնն եմ եւ ուժեղագույնը, բայց շատ հպարտ եմ իմ ձեռքբերումներով:

100 տոկոս համոզված եմ, որ Հայաստանը կունենա ջիու-ջիցուի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ. միայն թե՝ ժամանակի հարց է»,- Ռոջեր Գրեյսին:

Ջիու-ջիցուի Հայաստանի թիմի մարզիչ Անդրանիկ Հարությունյանի խոսքով, աշխարհի 10-ակի չեմպիոնի մաստեր-կլասը անակնկալ է եղել ջիու-ջիցուի Հայաստանի ֆեդերացիայի Legacy Brazilian Jiu Jitsu ակումբի եւ մարտարվեստով զբաղվողների համար:

«Այս հանդիպումը լեգենդար Ռոջեր Գրեյսիի հետ չսպասված անակնկալ էր մեզ համար: Նախագահ Արմեն Սարգսյանի եւ նրա որդու՝ Վարդան Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհի ամենատիտղոսակի ջիու-ջիցուիստը: Նա 10 անգամ աշխարհի չեմպիոն է եղել: Մեզ համար մեծ պատիվ է նրան հյուրընկալել մեր ակումբում: Մեծ պատիվ էր, որ նա համաձայնել է լինել նաեւ մեզ մոտ: Անցկացրինք սեմինար-մարզում հայ մարտիկների հետ:

Նախնական պայմանավորվածություն չկար, որ այստեղ վարպետության դաս, մարզում կանցկացնի Ռոջեր Գրեյսը: Երկու օր առաջ մեզ հետ կապ հաստատեցին նախագահականից եւ ասացին, որ Ռոջեր Գրեյսին Հայաստանում է, եւ կցանկանանք, արդյոք, նրանից ինչ-որ բան սովորել: Վստահ կարող եմ ասել, որ սա ամեն ջիուջիցուիստի մեծ երազանքներից մեկն է՝ Ռոջեր Գրեյսի հետ մեկ գորգի վրա լինել:  Նախագահի որդին, որը Ռոջերի մտերիմ ընկերն է, խնդրել էր նրան մեկ մարզում նվիրել մարտարվեստի հայ սիրահարներին եւ մարզվողներին: Սա աննախադեպ իրադարձություն էր բոլորիս համար: Ի դեպ, մեզ հետ մարզվում էր նաեւ նախագահի որդին՝ Վարդան Սարգսյանը:

Անցկացրինք նաեւ սփարինգ մենամարեր Գրեյսիի հետ: Այս հանդիպման շնորհիվ մեր մարզիկներն ավելի մեծ մոտիվացիա կստանան, մարզաձեւն ավելի մեծ ճանաչում ձեռք կբերի Հայաստանում: Աշխարհում ամենաարգ աճող մարտարվեստներից մեկն է՝ շնորհիվ Ռոջերի մորեղբոր, Գրեյսիների ընտանիքի: Այս ընտանինքն է հիմնել MMA մարզաձեւը եւ առաջին անգամ անցկացրել խառը մենամարտերի մրցաշար:

Հայաստանում արդեն գործում է 3 ակումբ: Համոզված եմ, որ ապագայում մեր ակումբները կավելանան, մարտավեստով զբաղվողները եւս»,- մանրամասնեց Անդրանիկ Հարությունյանը: 

Բացի մարզումներից, Ռոջեր Գրեյսին նաեւ հասցնում էր լուսանկարվել մարտիկների հետ, որոնք լեգենդար մարտիկի մեծ երկրպագուներն են, մարտարվեստի սիրահարներ: Տատամիի վրա Ռոջեր Գրեյսի հետ մարզումներ էր անցկացնում նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի որդին՝ Վարդան Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս