16:28  ,  21 հոկտեմբերի, 2021

«Բավարիայի» նախագահ. ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու գաղափարի էությունը լրացուցիչ եկամուտն է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները քննադատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությունը աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու վերաբերյալ։

«Այդ գաղափարն անիմաստ է, «Բավարիան» դեմ է։ Բոլոր երկրպագուները գոհ են, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է չորս տարին մեկ։ Ֆուտբոլիստները, մարզիչներն ու ղեկավարները դժգոհում են հանդիպումների քանակից եւ հագեցած օրացույցից, իսկ հիմա ՖԻՖԱ-ն ցանկանում է ավելացնե՞լ հանդիպումները։ Պետք է զգույշ լինել ֆուտբոլիստների առողջության հետ, այլապես ֆուտբոլի որակը կընկնի։

Իհարկե, ես հասկանում եմ, որ գաղափարի էությունը լրացուցիչ եկամուտներն են, պրոֆեսիոնալ սպորտում փողը կարեւոր է։ Պետք չէ զոհաբերել ֆուտբոլը հանուն ֆինանսական շահի»,- Հայների խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ նախագիծը կհաստատվի այս տարի։ ՖԻՖԱ-ն ազգային հավաքականներին եւ ազգային ֆեդերացիաներին նամակով ներկայացրել է նախագծի մանրամասները։

Սեպտեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ն քննադատեց այս նախաձեռնությունը։ ՈւԵՖԱ-ն, Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, Եվրոպայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ասոցիացիան դեմ են ՖԻՖԱ-ի նախաձեռնությանը, սակայն ոչ պաշտոնական տվյալով՝ 166 ազգային ֆեդերացիա կողմ է ՖԻՖԱ-ի առաջարկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս