22:40  ,  18 հոկտեմբերի, 2021

«Սեւան» ՖԱ․ Մեր ակումբը կանի հնարավոր ամեն բան նմանատիպ անախորժ դեպքերը բացառելու համար

«Սեւան» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ

«Հարգելի ֆուտբոլասերներ, տեղյակ եք, որ հոկտեմբերի 15-ին, VBET Հայաստանի Պրեմիերա լիգայի 9-րդ տուրի  «Նոա» - «Սեւան» հանդիպման ավարտից հետո, հանդերձարան տանող ճանապարհին տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ «Սեւան» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ նման անախորժ միջադեպ իրոք տեղի է ունեցել։

Անկախ նրանից, հանդիպման մրցավարը ճիշտ էր իր որոշումներում, թե ոչ, նման միջադեպերը ցանկալի երևույթ չեն մեր ֆուտբոլում:

Այսուհետեւ մեր ակումբը կանի հնարավոր ամեն բան նմանատիպ դեպքերը բացառելու համար»,- նշվում է «Սեւանի» հայտարարությունում։

Ավելի վաղը այս միջադեպի վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էր հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ։

«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա» - «Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ:

ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշվել էր հաղորդագրությունում:

«Սեւանը» «Նոային» պարտվել էր 1։2 հաշվով։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում