15:42  ,  17 հոկտեմբերի, 2021

Մեկնարկեց սպորտային պարերի Հայաստանի ակումբային առաջնությունը (ֆոտո, վիդեո)

Հայաստանում սպորտային պարերում տղաների ներկայությունը խնդիր է։ Հայկական մենթալիտետը դեռ թույլ չի տալիս, որ ծնողներն իրենց տղաներին բերեն սպորտային պարերի։ Հայաստանի ակումբային բաց առաջնությանը եզակի տղաներ են մասնակցում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կրիստալ» սպորտային պարերի խմբի ղեկավար, Հայաստանի պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի մրցավար, մարզիչ Ժորա Մխիթարյանը։

Հոկտեմբերի 17-ին Երեւանի «Նեպտուն» մարզահամալիրում , «Կրիստալ» սպորտային պարերի ակումբի նախաձեռնությամբ մեկնարկել է սպորտային պարերի Հայաստանի ակումբային բաց առաջնությունը (տեսանյութ), որին մասնակցում է շուրջ 400 երեխա Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից։ Մրցումից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։

«Հայաստանի բաց առաջնությունն անցկացնում ենք արդեն 6-րդ անգամ։ Համավարակից հետո այս տարի մեծ թվով մասնակիցներ ունենք ոչ միայն Երեւանից, այլեւ Արմավիրից, Գյումրիից։ Մասնակիցներ ունենք նաեւ Արցախից:

Սովորաբար ունենում ենք նաեւ հյուրեր արտերկրից, բայց այս տարի կորոնավիրուսով պայմանավորված դրսից մասնակցիներ չունենք։ Ամենամյա բաց առաջնության նպատակը սպորտային պարերի մասսայականացումն է եւ զարգացումը։ Նման մրցումներով փորձում ենք խթանել սպորտային պարերի զարգացումը Հայաստանում։ Առաջնությանը մասնակցում է նաեւ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան։

Ողջունելի է, որ պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհուրդը եւ սպորտային պարերի ֆեդերացիան համագործակցում են։ Այս տարի մասնակցության թվով ակտիվություն ունենք։ Շուրջ 500 երեխա է մասնակցում։

Ի դեպ, այսօր անցկացնում ենք միայն պատանեկան տարիքի երեխաների բաց առաջնություն՝ մինչեւ 14 տարեկան։ Երեք փուլով ենք անցկացնում՝ սկսնակների խումբ, միջին եւ ուժեղ խմբեր։ Հիմնականում աղջիկներն են մասնակցում։ Ունենք տղա պարողների խնդիր։ Այժմ զբաղված ենք այդ խնդրի լուծմամբ, ուզում ենք հասկանալ, թե «ուր» են մեր տղաները։

Կրկնակի հաճելի է, երբ զուգապար է լինում մրցահարթակում, զույգով են պարում։ Կորոնավիրուսով պայմանավորված սպորտային պարերը Հայաստանում, կարծում եմ նաեւ ամբողջ աշխարհում աճի խնդիր ունի։ Այս շրջանում մեր երկրում գործող ակումբները սկսել են շատ ակտիվ աշխատել, վերականգնվել։ Դինամիկան դրական է եւ զարգացման աճը նկատվում է։

Մեր մարզաձեւը պետական ֆինանսավորում չունի, ինչի պատճառով միջազգային մրցաշարերի մասնակցությունը խնդիր է։ Մասնակցում ենք, բայց քիչ թվով մրցումների, այն էլ մեր անձնական միջոցներով։ Մենք ունենք լավ պարողներ, որոնք կարող են պատվով ներկայացնել մեր երկիրը տարբեր մրցաշարերում։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ մեզ մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնեն»,– ասաց Ժորա Մխիթարյանը։

Ակումբային բաց առաջնության միակ մրցումային օրվա երեկոյան մրցահերթում ժամը 18։00-ից կմեկնարկի պրոֆեսիոնալ պարողների մրցումը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ