13:09  ,  16 հոկտեմբերի, 2021

Սուլշեր․ Ֆերգյուսոնի կարծիքը չի անհանգստացնում ինձ, Ռոնալդուն չի կարող խաղալ բոլոր հանդիպումներում

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է անգլիական ակումբի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կարծիքը «Էվերտոնի» դեմ խաղում 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մեկնարկային կազմում չընդգրկելու մասին։

«Օլդ Տրաֆորդում» խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ զրույցում Ֆերգյուսոնն ասել էր, որ «ուժեղագույն խաղացողները պետք է լինեն մեկնարկային կազմում»։ Նա նաեւ ավելացրել էր, որ ««Էվերտոնն» ավելի հավատաց իր ուժերին, երբ տեսավ Կրիշտիանուի բացակայությունը»։ Զրույցը հայտվել էր ուղիղ եթերում։

«Ես հանգիստ եմ վերաբերվում այդպիսի բաներին։ Այնքան էլ արդար չէ Ֆերգյուսոնի նկատմամբ, որ այդ զրույցը հայտնվել է հեռարձակման մեջ։ Վստահ եմ՝ Ֆերգյուսոնը գիտի, որ ինձ այդ ամենը չի անհանգստացնում։ Բոլորս էլ ցանկանում ենք Կրիշտիանուին տեսնել խաղադաշտում, քանի որ նա բացառիկ ֆուտբոլիստ է։ Բայց փաստ է, որ նա չի կարող խաղալ բոլոր հանդիպումներում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերի 2-ին «Օլդ Տրաֆորդում» «Էվերտոնի» հետ հանդիպումն ավարտել էր ոչ ոքի՝ 1։1։ Ռոնալդուն փոխարինման էր դուրս եկել 57-րդ րոպեին։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 4 հանդիպման, խփել 3 գոլ։ Չեմպիոնների լիգայի 2 խաղում նա խփել է 2 գոլ, Պորտուգալիայի հավաքականի 5 խաղում՝ 6 գոլ։

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերի 16-ին կհյուրընկալվի «Լեսթեր Սիթիին»։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում