22:11  ,  15 հոկտեմբերի, 2021

Գվարդիոլա. Հույս ունեմ, որ Ռահիմ Ստերլինգը շատ կարեւոր խաղացող կլինի մեր թիմի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի հայտարարությունը, թե կցանկանար փոխել թիմը, եթե ստանար մշտական խաղաժամանակ ունենալու երաշխիք։

«Ես չգիտեի, որ Ստերլինգը մտածում է հեռանալու մասին։ Չեմ կարծում, որ այդ մասին իմացել են ակումբում։ Ռահիմը մեր ֆուտբոլիստն է։ Հույս ունեմ, որ նա շատ կարեւոր խաղացող կլինի մեր թիմի համար։ Ռիյադ Մահրեզն ու Ժոաու Կանսելուն նույնպես միշտ չեն խաղում, բայց չեն դժգոհում։

Ես չեմ կարող նրանց խաղաժամանակ երաշխավորել։ Խաղադաշտում պետք է ցույց տան իրենց հավակնությունները։ Նրանք գիտեն, որ կստանան իրենց րոպեները եւ ներդրում կունենան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ստերլինգը մասնակցել է 7 հանդիպման՝ ամեն խաղում անցկացնելով միջինը 39 րոպե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում