13:16  ,  14 հոկտեմբերի, 2021

Եվրոպայի Մ20 եռակի չեմպիոն Կարեն Մարգարյան․ Հաղթանակս նվիրում եմ մեր անմահ զոհերի հիշատակին

Ուրախ եմ, որ 20 տարեկաններում պայքարս ավարտեցի Եվրոպայի երրորդ չեմպիոնությամբ եւ այդ հաղթանակը նվիրում եմ մեր անմահ զոհերի հիշատակին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն, 20-ամյա Կարեն Մարգարյանը:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Կարեն Մարգարյանը (81 կգ) երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նա երկամարտում հավաքեց 330 կգ (153+177):

«Շատ ուրախ եմ, որ այս անգամ էլ հաղթեցի: Շատ լավ ստացվեց: Սպասված էր ինձ համար: Ոսկե մեդալի համար պայքարում էի թիմակցիս՝ Սուրեն Գրիգորյանի հետ, որը արծաթե մեդալ նվաճեց:

Հետաքրքիր հայկական դիմակայություն էր Ֆինլանդիայի մրցահարթակում, բայց ես կասեի՝ պայքար չէր, քանի որ ինձ համար տարբերություն չկար՝ ես կհաղթեի, թե Սուրեն Գրիգորյանը:

Այս հաղթանակին հասնելու համար շատ էի մարզվել: Աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը տեղի էր ունեցել մայիսին, զբաղեցրել էի երկրորդ տեղը: Դրանից հետո շատ էի աշխատել, որ Եվրոպայի առաջնությունում հաղթեմ:

Սպասված էր, շատ էի ցանկանում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալ: Ամեն մրցումից փորձ եմ ձեռք բերում: Յուրաքանչյուր հաջորդ մրցմանն ավելի հանգիստ եմ մասնակցում, շատ չեմ լարվում:

Այս առաջնությունով ավարտեցի պայքարս 20 տարեկաններում եւ մտնում եմ մինչեւ 23 տարեկանների պայքարի մեջ: Պետք է շարունակեմ լավ մարզվել, կիլոգրամներս ավելացնել, որպեսզի հասնեմ արդյունքների:  Այժմ նոր խնդիր եմ դնում իմ առջեւ, որ լավ հանդես գամ նաեւ 23 տարեկաններում:

Եվրոպայի առաջնությունում հաղթանակս նվիրում եմ մեր անմահ զոհերի հիշատակին: Նաեւ նվիրում եմ ընտանիքիս, որոնք միշտ իմ կողքին են եւ քաջալերում են ինձ: Հպարտ եմ, որ իմ մարզումներով հասնում եմ արդյունքի եւ դրանով գնահատված եմ ու շրջապատս ուրախանում է ինձնով»,- ասաց Կարեն Մարգարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English