10:08  ,  14 հոկտեմբերի, 2021

Վալոդյա Ֆրանգուլյանն՝ ԱՄՆ-ից․ Շատ ուրախ եմ, որ երկրորդ մենամարտումս էլ հաղթանակ տարա (ֆոտո)

ԱՄՆ-ում մարզվում եմ ճիշտ մասնագետների, լավ մարզիչների, փորձառու եւ բարձրակարգ մարզիկների հետ: Չեմ շտապում. աշխատելու եւ ավելացնելու տեղ շատ ունեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամը երկրորդ հաղթանակն է տարել խառը մենամարտերում:

Հոկտեմբերի 2-ին Կալիֆորնիայի «Վալի Սենթեր» մարզապալատում տեղի ունեցած Gladiator Challenge մրցաշարի Underground 2 երեկոյում մրցակցին հաղթել է առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով:

 

«Շատ ուրախ եմ, որ երկրորդ մենամարտումս էլ հաղթանակ տարա: Մրցակիցս մեքսիկացի էր: Առաջին ռաունդում հաղթեցի խեղդող հնարքով: Նույն պրոմոութերական ընկերության կազմակերպած երեկոն էր:

Շարունակում եմ մարզումներս: Յուրաքանչյուր մրցաշարում փորձս աստիճանաբար ավելացնում եմ, որպեսզի ավելի ուժեղանամ եւ հետագայում լուջ հաղթանակներ ունենամ խառը մենամարտերում: Ցանկանում եմ հետագայում լուրջ կազմակերպություններում հանդես գալ: MMA-ն նոր մարզաձեւ է ինձ համար: Այստեղ ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ է:

Չեմ շտապում․ աշխատելու, ավելացնելու շատ տեղ ունեմ: Ամեն մենամարտից հետո ավելի մեծ փորձ եմ ձեռք բերում եւ աշխատում եմ ավելի բարձրակարգ մենամարտ անցկացնեմ եւ թերություններս շտկեմ:

Ամենակարեւորն այն է, որ այստեղ՝ ԱՄՆ-ում ճիշտ մասնագետների հետ եմ աշխատում, լավ մարզիչների հետ մարզվում: Ինձ հետ սփարինգներ են անում բարձրակարգ ու փորձառու մարզիկներ: Մնում է չշտապել, համբերել ու քրտնաջան մարզվել մեծ հաջողություններ ունենալու համար»,- ասաց Վալոդյա Ֆրանգուլյանը:

Նշենք, որ նույն մրցաշարում խառը մենամարտերում երկրորդ հաղթանակն է տարել նաեւ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանն ու Մաքսիմ Մանուկյանը վերջին շրջանում մարզվում են Լոս Անջելեսում: Վալոդյա Ֆրանգուլյանը MMA-ում նորամուտը նշել էր հուլիսի 25-ին, Մաքսիմ Մանուկյանն՝ օգոստոսի 7-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում