08:43  ,  12 հոկտեմբերի, 2021

Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին բազմաթիվ երկրպագուներ դիմավորեցին «Զվարթնոցում» (ֆոտո, վիդեո)

Նախորդ գիշեր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանին: 22-ամյա Մալխաս Ամոյանը աշխարհի առաջնությունից վերադարձավ հորեղբոր՝ Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանի, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի եւ մարզիչ Սամվել Գեւորգյանի ուղեկցությամբ:

Նրանք Օսլոյից Երեւան ժամանեցին Օսլո-Վարշավա-Երեւան չվերթով հոկտեմբերի 12-ին 03:40-ին: 22-ամյա աշխարհի չեմպիոնին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին զուռնա-դհոլով: Ժամանման սրահում սպասում էին մեծ թվով երկրպագուներ, եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հարազատներ, բարեկամներ: Սպորտային ղեկավարությունից աշխարհի չեմպիոնին դիմավորեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, նախարարության ներկայացուցիչներ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, , Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը: Մալխաս Ամոյանին դիմավորելու էր եկել նաեւ Օսլոյում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճած Արսեն Հարությունյանը:

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից ելնելով հարազատների ու երկրպագուների մեծ մասը չեմպիոնին սպասում էին դրսում: Ամենամեծ երկրպագուն Մալխաս Ամոյանի կրտսեր եղբայրն էր՝ 7-ամյա Դավիթը, որն անհամբեր սպասում էր եղբոր ժամանմանն ու աշխարհի առաջնության ոսկե մեդալին:

Աշխարհի չեմպիոն եղբորը դիմավորելուց հետո, փոքր Դավիթը ոսկե մեդալն «իրենով արեց» եւ որոշեց այլեւս չվերադարձնել: Դրսում հավաքվածները երկար ժամանակ բաց չէին թողնում աշխարհի չեմպիոնին. բոլորը ցանկանում էին անձամբ շնորհավորել եւ լուսանկարվել չեմպիոնի հետ:

Մարդկանց բազմությունը խաթարել էր օդանավակայանի երթեւեկելի հատվածի բնականոն աշխատանքը: Առաջացել էր խցանում, ինչին ստիպված միջամտեց տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանությունը:

2021 թվականի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 8 ըմբիշով մասնակցած Հայաստանի թիմը պայքարն ավարտեց մեկ ոսկե մեդալով: Հոկտեմբերի 8-ին Հայաստանի միակ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 չեմպիոն Մալխաս Ամոյանը (72 կգ):

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English