00:39  ,  11 հոկտեմբերի, 2021

Բենզեմայի եւ Մբապեի գոլերի շնորհիվ Ֆրանսիան նվաճեց Ազգերի լիգայի գավաթը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի գավաթը նվաճեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը։ Միլանում տեղի ունեցած եզրափակիչում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը մրցեց Իսպանիայի հավաքականի հետ եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

64-րդ րոպեին հաշվը բացեց Իսպանիայի հավաքականը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից աչքի ընկավ «Ռեալ Սոսյեդադի» 24-ամյա կիսապաշտպան Միկել Օյարսաբալը, որին գոլային փոխանցումը կատարեց «Բարսելոնայի» 33-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

Արդեն 2 րոպե անց ֆրանսիացիները վերականգնեցին հավասարությունը Մադրիդի «Ռեալի» 33-ամյա հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցման հեղինակը փարիզյան ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն է, որը 80-րդ րոպեին «Միլանի» 24-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսի փոխանցումից հետո խփեց նաեւ աշխարհի չեմպիոնների հաղթական գոլը։

Հիշեցնենք, որ 2019-ին առաջին անցկացված Ազգերի լիգայի եզրափակիչում տիտղոսը նվաճել էր Պորտուգալիայի հավաքականը, որը 1։0 հաշվով հաղթել էր Նիդերլանդների թիմին։

Ազգերի լիգա, եզրափակիչ

Իսպանիա - Ֆրանսիա՝ 1։2 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 64 - Քարիմ Բենզեմա, 66, Կիլիան Մբապե, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում