09:06  ,  9 հոկտեմբերի, 2021

Մալխաս Ամոյան․ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց հաղթող ճանաչվել

Հաղթանակս ցանկանում եմ նվիրել ամբողջ հայ եւ եզդի ազգին: Այս մեդալի համար շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց հաղթող ճանաչվել: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Օսլոյից ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը:

72 կգ քաշային կարգի եզրափակիչում 22-ամյա ըմբիշը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

 Մալխաս, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ինչպիսի՞ն են զգացողություններդ այս պահին:

Դեռ չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունենում ինձ հետ: Զգացողություններս անբացատրելի են: Ուրախությունս բառերով նկարագրել չեմ կարող:  

Ոսկե մեդալը սպասվա՞ծ էր քեզ համար:

Սպասում էի, որ կհաղթեմ: Այս աշխարհի առաջնությանը եկել էի միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց հաղթող ճանաչվել: Իմ մեծ հաղթանակում նաեւ իրենց ներդրում ունեն մարզիչներս՝ Հայաստանի հավաքականի մարզիչները, իմ անձնական մարզիչները, հորեղբայրներս, մեր հավաքականի անդամներն ու ընկերներս: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին են եղել եւ աջակցել են ինձ:

Բարդ տրվե՞ց չեմպիոնի տիտղոսը:

Շատ բարդ. ճանապարհն էր բարդ դեպի այս մեծ հաղթանակը: Աշխարհի անհատական գավաթի խաղարկության եւ մեծահասակների Եվրոպայի առաջնության եզրափակիչներում ձախողում էի ունեցել: Այս անգամ, այստեղ՝ Օսլոյում, արդեն այլ ելք չկար, ձախողում պետք է չլիներ եւ իմ առջեւ մեծ խնդիր էի դրել՝ հաղթել:

Ի՞նչը քեզ մոտիվացրեց, որ այս անգամ այլ ելք չէիր տեսնում:

Այս աշխարհի առաջնությանը լրիվ ուրիշ ձեւ եմ պատրաստվել: Կտրվել եմ ամեն ինչից, շատ բաներից եմ ինձ զրկել՝ հանուն այս ոսկե մեդալի: Եվ փառք Աստծո, ստացվեց:

Ոսկե մեդալի ճանապարհին 4 գոտեմարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնանցես քեզ համար:

Բոլորն էլ բարդ էին ու առանձնահատուկ ինձ համար: Առավել բարդ եզրափակիչն էր: Յուրաքանչյուր հաղթանակ մեծ դժվարությամբ ինձ տրվեց, որովհետեւ յուրաքանչյուրին մոտենում էի այնպես, ասես եզրափակիչը լիներ: Այդքանով հանդերձ, ամենադժվարը եզրափակիչը ստացվեց:

Եզրափակիչում բավական հանգիստ տեսք ունեիր: Ինչո՞վ էր պայմանավորված հանգստությունդ:

Անկեղծ ասած՝ իմ հանգստությունը թվացյալ էր: Իրականում, հանգիստ չէի, բավական լարված էի: Բարդ մրցակից էր Սերգեյ Կուտուզովը: Մինչեւ մրցագորգ դուրս գալը, անընդհատ մտածում էի, թե ինչպես պետք է գոտեմարտեմ, ինչ պետք է անեմ, որ ճիշտ լինի, ճիշտ ընթացք ստանա, որ հաղթանակի հասնեմ: Լարվածություն կար:

Նաեւ կխոստովանեմ, որ բուն մրցումներին լարածությունն այդքան մեծ չէր, որքան մարզումներին: Այնքան էի մարզվել, որ վստահ էի՝ մտնեմ գորգ, պետք է հաղթեմ: Մարզումներն ինձ համար ավելի դժվար են եղել, քան այս երկու մրցումային օրերի բոլոր գոտեմարտերս:

Մալխաս, քո հորեղբայր Ռոման Ամոյանը շատ մեծ նվաճումներ է ունեցել, բայց աշխարհի չեմպիոնի տիտղոսը նրան այդպես էլ չի հաջողվել նվաճել...

Այո, սա նաեւ իմ նպատակներից մեկն էր. աշխարհի ոսկե մեդալը նվաճել նաեւ նրա համար: Մենք այս թեմայով զրույցեցինք անմիջապես իմ հաղթանակից հետո: Հենց դարձա չեմպիոն, հորեղբայրս ասաց՝ «ես չեմ դարձել աշխարհի չեմպիոն, փաստորեն, 22 տարի անց այդ հաղթանակը քեզ տրվեց, դու իմ տեղը դարձար աշխարհի չեմպիոն»: Ինձ թվում է, եթե նա դառնար աշխարհի չեմպիոն, այդքան չէր ուրախանա, որքան իմ նվաճումով ուրախացավ: Երբ այսօր դարձա աշխարհի չեմպիոն, ուրախությունս, կարծես, կրկնապատկվեց այս առումով:

Քո պատվին Օլսոյում հնչեց Հայաստանի հիմն ու բարձրացավ մեր եռագույնը: Ի՞նչ էիր զգում այդ պահին:

Սա մեծահասակների աշխարհի առաջնությունն էր եւ շատ կարեւոր էր ինձ համար: Երիտասարդներում եւ պատանիներում եւս չեմպիոնական նվաճումներ եմ ունեցել, բայց այս նվաճումը տարբերվեց ինձ համար նրանով, որ կարողացա պատմություն կերտել հայկական սպորտում: Այս անգամ լրիվ այլ զգացողություն էր, երբ բարձրանում էր դրոշը: Այդ պահին պատվո հարթակին կանգնած այնպիսի ապրումներ ունեցա, որ բառերով չեմ կարող նկարագրել:

Ու՞մ ես նվիրում ոսկե հաղթանակդ:

Հաղթանակս ուզում եմ նվիրել ամբողջ հայ եւ եզդի ազգին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում