22:35  ,  7 հոկտեմբերի, 2021

Կապառոս․ Հավաքականում գերազանց մթնոլորտ է

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում պատմել է, թե ինչ մթնոլորտ է թիմում Իսլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ, խոսել է առաջիկա մրցակցի մասին։

«Իսլանդիայի հավաքականը խաղին նվիրվող թիմ է։ Մեր դեմ առաջին խաղում որոշակի որակներ երեւաց նրանց մոտ։ Եթե մենք լինենք նախկինում մեր ցուցադրած մակարդակի վրա եւ մարզական հաջողությունն էլ ուղեկցի մեզ, կարող ենք լավատես լինել։

Ֆուտբոլում լինում են վերելքներ եւ անկումներ։ Հույս ունենք, որ նախորդ երեք խաղերի տրամաբանությունն այլեւս չի կրկնվի։

Որոշակի մարտավարական նորամուծություններ հնարավոր են, սակայն շատ չեն լինի, քանի որ մենք արդեն ունենք մեր ձեռագիրը։ Մենք ցանկանում ենք, որ մեր մրցակիցները ճանաչեն մեզ մեր խաղաոճով։ Իհարկե, ցանկացած խաղ այլ պատմություն է եւ կարող է լինել նոր բան։

Հավաքականում գերազանց մթնոլորտ է, ինչի համար ամենաբարձր գնահատականը կարելի է տալ թիմին։ Սա է մեր ուժեղ կողմերից մեկը։ Հասկանում ենք, որ կան հավաքականներ, որոնք խաղամակարդակով բարձր են մեզնից, սակայն այս գործոնով մեզ ոչ ոք չի կարող հաղթել»,- ասել է Կապառոսը։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին  կանցկացնի J խմբի 7-րդ տուրի  հանդիպումը Իսլանդիայի հավաքականի դեմ։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով