19:16  ,  7 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Մալխաս Ամոյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար (ֆոտո)

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 7-ին մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը վստահ հաղթանակով նվաճեց եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի ոսկե մեդալի համար:

72 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինի հետ եւ հաղթանակի հասավ 10։6 հաշվով:

Առաջին մրցափուլի հենց մեկնարկում Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը 4 միավորանոց գցում արեց: Ըմբիշները շարունակեցին հնարքը՝ երկուսն էլ 4 միավորանոց գլորում կատարեցին: Գորգի մրցավարը 4 եւ եւս 1 միավոր տվեց իրանցի ըմբիշին: Հայաստանի մարզիչներն ի դեմս Ռոման Ամոյանի, բողոքարկեցին: Կողային մրցավարները բավարարեցին եւ հաշիվը դարձրին 8:4՝ հօգուտ Մալխաս Ամոյանի: Երկրորդ մրցափուլում Եվրոպայի փոխչեմպիոնը ավելացրեց ճնշումը եւ եւս երկու միավոր ավելացրեց իր հաշվին՝ գոտեմարտն ավարտելով 10:6 հաշվով:

Հոկտեմբերի 8-ին կայանալիք եզրափակիչում Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ:

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեց 1 րոպե 35 վայրկյանում հաղթել էր նորվեգացի Հաավարդ Յորգենսենին (8:0), քառորդ եզրափակիչում ուժերը չափեց 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Լիտվայի ներկայացուցիչ Կրիստուպաս Շլեյվայի հետ եւ հաղթեց 5։0 հաշվով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ) կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեֆերշաեւին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գեղամ Թորգոմյանը (82 կգ) որակավորման փուլում 0:12 հաշվով պարտվեց թուրք Բուրհան Ակբուդակին: Կիսաեզրափակիչում թուրք ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Պեժման Պոշտամին եւ դուրս եկավ եզրափակիչ: Գեղամ Թորգոմյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում