21:25  ,  3 հոկտեմբերի, 2021

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Առաջինը հաջողության հասավ «Լիվերպուլը»։ 59-րդ րոպեին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

10 րոպե անց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից պատասխան գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Գոլային փոխանցումը կատարեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

76-րդ րոպեին Մոհամեդ Սալահն առաջ մղեց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին, սակայն 5 րոպե անց բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն հյուրերին փրկեց պարտությունից։

«Լիվերպուլը» 15 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է առաջատար «Չելսիից»։ «Մանչեսթեր Սիթին» երրորդն է՝ 14 միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։2 (տեսանյութ)

Սադիո Մանե, 59, Մոհամեդ Սալահ, 76 - Ֆիլ Ֆոդեն, 69, Կեւին դե Բրույնե, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում