16:22  ,  3 հոկտեմբերի, 2021

Արսեն Մարտիրոսյանը՝ Մ23 Եվրոպայի չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճեց չեմպիոնի կոչումը:

2021 թվականի մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոնը երկամարտում գրանցեց 383 կգ (176+207): Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը հաջողությամբ բարձրացրեց նախ 170 կգ, ապա 176 կգ-ը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի թիմի մարզիչները պատվիրեցին 181 կգ, բայց Մարտիրոսյանը ձախողեց: Այս վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 202 կգ-ով եւ հաջողությամբ ծանրաձողը ֆիքսեց գլխավերեւոմ: Երկրորդ մոտեցմամբ վստահ հրեց նաեւ պատվիրված 207 կգ-ը: Երրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 210 կգ, բայց Մարտիրոսյանին չհաջողվեց բարձրացնել ծանրաձողը:

Այս վարժությունում հայ ծանրորդը եւս նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ արժանանալով Մ23 Եվրոպայի առաջնության բոլոր երեք ոսկե մեդալներին:

Սա Հայաստանի 8-րդ ոսկե մեդալն էր Մ23 եւ Մ20 Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի համար ոսկե մեդալներ էին նվաճել նաեւ 20 տարեկանների պայքարում Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտի 230 կգ արդյունք), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, երկամարտ՝ 2016), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ, երկամարտ 202 կգ), մինչեւ 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցումով ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, երկամարտ՝ 360 կգ):

Արծաթե մեդալակիր են դարձել Մ-23 տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Արա Ավագյանը (երկամարտ՝ 363 կգ), Մ-20 տղամարդկանց 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (երկամարտ 328 կգ), բրոնզե մեդալակիրներ են դարձել Պետրոս Պետրոսյանը (102 կգ, երկամարտ 349 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 202 կգ):

Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնաց Վարազդատ Լալայան (+109 կգ), որը կպայքարի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում