15:27  ,  3 հոկտեմբերի, 2021

Եվրոպայի Մ23 առաջնություն․ Արփինե Դալալյանը վնասվածքի պատճառով լքեց պայքարը (ֆոտո)

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության կանանց +87 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հետագա պայքարը:

2017 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոնը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 93 կգ, երկրորդ մոտեցման համար պատվիրված 97 կգ-ոց ծանորաձողը մարզուհին պոկեց, բայց չկարողացավ ծանրաձողը ֆիքսել գլխավերերում: 97 կգ-ի երկորդ փորձի ժամանակ Արփինե Դալալյանը ծնկի վնասվածք ստացավ՝ գցելով ծանրաձողը: 22-ամյա ծանրորդուհին դժվարությամբ ոտքի կանգնեց եւ հեռացավ մրցահարթակից: 93 կգ-ով այս վարժությունում Դալալյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:

Հրում վարժության մեկնարկում Ռովանիեմիի մարզադահլիճում հայտարարվեց, որ Հայաստանի ներկայացուցիչը հրաժարվում է հետագա պայքարից:

+87 կգ քաշայինների պայքարում Մ23 Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Նորվեգիայի ներկայացուցիչ Սոլֆրիդ Կոանդան (երկամարտ՝ 243 կգ):

Սեպտեմբերի 24-ից Ֆինալդիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 եւ մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է արդեն 7 ոսկե, երկու արծաթե եւ երկու բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալներ էին նվաճել 20 տարեկանների պայքարում Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտի 230 կգ արդյունք), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, երկամարտ՝ 2016), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ, երկամարտ 202 կգ), մինչեւ 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցումով ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, երկամարտ՝ 360 կգ): Արծաթե մեդալակիր են դարձել Մ-23 տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Արա Ավագյանը (երկամարտ՝ 363 կգ), Մ-20 տղամարդկանց 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (երկամարտ 328 կգ), բրոնզե մեդալակիրներ են դարձել Պետրոս Պետրոսյանը (102 կգ, երկամարտ 349 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 202 կգ):

Հայաստանի հավաքականից պայքարի մեջ են մնացել մինչեւ 23 տարեկաններ Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ), որոնք մրցահարթակ դուրս կգան առաջնության վերջին օրը՝ հոկեմբերի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ