15:39  ,  2 հոկտեմբերի, 2021

Պետրոս Պետրոսյանը՝ Մ-20 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ-20 Եվրոպայի առաջնությունում հոկտեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչներից հանդես եկավ Պետրոս Պետրոսյանը (102 կգ), որը երկամարտի 349 կգ (155+194) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

19-ամյա ծանրորդը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 150 կգ: Երկրորդ փորձից միայն կարողացավ պոկել 155 կգ ծանրաձողը՝ արժանանալով այս վարժության փոքր բրոնզե մեդալին: Նույն պատկերը եղավ նաեւ հրում վարժությունում: Առաջին մոտեցմամբ Պետրոս Պետրոսյանը հաջողությամբ հրեց 188 կգ, իսկ երկրորդ փորձից գլխավերեւում պահեց 194 կգ՝ նվաճելով այս վարժության փոքր բրոնզե մեդալը:

Մինչեւ 20 տարեկանների 102 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Բելառուսի ներկայացուցիչ Սիարհե Շարանկովը (362 կգ), փոխչեմպիոն դարձավ վրացի Զազա Լոմտաձեն (351 կգ):

Նախորդ օրը Հայաստանի համար ոսկե մեդալ էր նվաճել 18-ամյա Մարգարիտա Առաքելյանը: Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության կանանց մրցաշարի 87 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը չեմպիոնի կոչումը նվաճել է երկամարտի 202 կգ արդյունքով (86+116):

Դա Հայաստանի 7-րդ ոսկե մեդալն էր: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել 20 տարեկանների պայքարում Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտի 230 կգ արդյունք), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, երկամարտ՝ 2016), մինչեւ 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցումով ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, երկամարտ՝ 360 կգ):

Արծաթե մեդալակիր են դարձել Մ-23 տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Արա Ավագյանը (երկամարտ՝ 363 կգ), Մ-20 տղամարդկանց 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (երկամարտէ 328 կգ), բրոնզե մեդալի է արժանացել Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 202 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում