11:25  ,  2 հոկտեմբերի, 2021

ՀՖՖ-ի կողմից որակազրկված ֆուտբոլիստների իրավունքների վերակագնման մանրամասները. Պատմում է միջազգային սպորտային փաստաբանը

2020թ. հուլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն ընդունել էր աննախադեպ որոշում և պայմանավորված խաղերի համար որակազրկել 58 ֆուտբոլիստների ու 5 հայկական ակումբների: Օրեր առաջ Հայաստանում միջազգային ֆուտբոլային իրավունքի վեճերով մասնագիտացված «Արտ Լեգալ» փաստաբանական գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում (CAS) հաղթել է ՀՖՖ-ի դեմ հայցը, որը ներկայացվել էր 3 ֆուտբոլիստների կողմից: 3 խաղացողները վիճարկում էի իրենց նկատմամբ կիրառված ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու ցմահ արգելքը։

NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում «Արտ Լեգալ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Արծրուն Բադալյանը մանրամասներ է հայտնել դատական գործընթացից և պարզաբանել կայացված ակտի էությունը և նշանակությունը:

«2020թ. հուլիսին ՀՖՖ-ն աննախադեպ որոշում կայացրեց և որակազրկեց 58 ֆուտբոլիստների և 5 ակումբների: Նրանցից 48-ը ցմահ զրկվեցին ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից, իսկ մյուսները տուգանվեցին և որակազրկվեցին տարբեր ժամկետներով: Հրապարակվեց միայն որոշման առաջին մասը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի որոշման նախաբանը և վերջին հատվածը, թե որ ֆուտբոլիստի համար ինչ պատժատեսակ է նախատեսում: Այսինքն՝ դա կարելի էր դիտել որպես հավելված, իսկ թե ինչ են արել ֆուտբոլիստները, ոչ մի կոնկրետ տեղեկություն չտրամադրվեց՝ պատճառաբանելով, թե դա գաղտնիք է և այլն: Շատ ֆուտբոլիստներ նույնիսկ տեղյակ չէին դրանից, որոշման մասին տեղեկացել են պատահաբար: Սովորաբար, երբ ֆուտբոլիստի վերաբերյալ վարույթ է սկսվում, նրան պետք է կանչեն և հարցաքննեն, պարզաբանում պահանջեն, որպեսզի վերջինս պաշտպանի իր իրավունքները և կարողանա վարույթին հավասար մասնակցել՝ այդպիսով ներկայացնելով իր դատողությունները և փաստարկները: Նշեմ, որ այս վարույթի համար հիմք են հանդիսացել ՈւԵՖԱ-ից ստացված բազմաթիվ զեկույցները Հայաստանի Առաջին խմբի խաղերի վերաբերյալ: Որոշ խաղեր կասկածի առիթ են տվել և հետաքննություն է անցկացվել ՈւԵՖԱ-ի կողմից: Դրա արդյունքում կազմվել են պաշտոնական զեկույցներ, որոնք ուղարկվել են ՀՖՖ-ին: Եթե հարցը դիտենք իրավական առումով, ապա այդ զեկույցները հիմք են կարգապահական վարույթ սկսելու, այլ ոչ թե՝ միանգամից, առանց վարույթի պատժատեսակներ սահմանելու: Այդ դեպքում ՀՖՖ-ն իր հերթին պետք է իրականացներ քննություն, հարցաքններ բոլոր անձանց, ովքեր ներգրավված էին, պարզաբանումները պահանջեր, այնուհետև որոշեր՝ ինչ անել: Դրանից հետո նաև քրեական գործեր են հարուցում առերևույթ հանցագործություններ կատարելու հատկանիշներով և փոխանցվում ԱԱԾ և ՔԿ վարույթներ: Արդյունքում՝ 2 տարբեր վարույթներ են ընթանում ՔԿ-ում, ԱԱԾ-ում ու ՀՖՖ-ում: Սակայն որակազրկված ֆուտբոլիստներից  ու ակումբների մյուս ներկայացուցիչներից ոչ բոլորն են հրավիրվում հարցաքննության օրինապահ մարմինների կողմից: Որոշ ֆուտբոլիստներ ոչ մի նամակ կամ զանգ չեն ստացել ֆեդերացիայից որոշման մեջ իրենց անունները պատահական տեսնելուց առաջ: Նրանց թվում է մեր հաճախորդներից մեկը՝ Սամվել Սաֆարյանը, որն այդ դեպքերի ժամանակ հանդես է եկել «Մասիս» ակումբում, այնուհետև միացել է «Անի» ՖԱ-ին: Նրա վերաբերյալ եղել են կասկածներ «Մասիս» ՖԱ-ի կազմում հանդես գալու ընթացքում, ինչի մասին տեղեկանում ենք ՀՖՖ որոշումից: Մեր հաճախորդների թվում էին նաև «Երևան» ՖԱ-ի 2 լեգեոնականներ, որոնք ևս նույն իրավիճակում էին: Կասկածի տեղիք են տվել խոշոր հաշվով պարտված խաղերը, իսկ զեկույցները եղել են ահռելի քանակությամբ: ՀՖՖ-ն, բավարար համարելով ՈւԵՖԱ-ի և հարակից զեկույցները, կարգապահական կոմիտեով կայացրել է մեկ որոշում՝ բոլորի համար: Այսինքն, իրավական առումով, չկային անհատների և ակումբների մասով առանձին-առանձին որոշումներ, որոնցից պարզ կլիներ, թե ում ինչի համար են մեղադրում և տուգանում։ Բացի այդ, որոշումը կայացվում է առանց մյուս կողմին լսելու, այսինքն՝ վարույթի ընթացքում սեփական պաշտպանությունը իրականացնելու իրավունքի իրացման խախտմամբ։

Հուլիսի 2-ին որոշումը հրապարակելուց հետո, ոչ թե ծանուցվելուց հետո, նրանց տրվել էր 7 օր բողոքարկման համար, իսկ ծանուցման պարտականությունը դրված էր նախկին կամ ներկայիս ակումբների վրա:

Այդ օրերի ընթացքում ֆուտբոլիստները և ակումբները ՀՖՖ-ից պահանջում են որակազրկման հիմքերը՝ բողոքարկում սկսելու համար, և պարտադիր 100 հազար ՀՀ դրամ վճարելուց հետո ստանում դրանք: Ֆուտբոլիստները բողոքարկում են այդ որոշումը՝ նշելով, որ կապ չունեն խաղ վաճառելու կամ վաճառողների հետ, եթե կան այդպիսիք կամ առհասարակ որևէ իրավական փաստ, կամ ապացույց չկա իրենց տրամադրված փաստաթղթերում: Սովորաբար, պայմանավորված խաղերի պատժամիջոցները լինում են 2 դեպքում՝ երբ դու վաճառում ես խաղը կամ որևէ գործողությամբ նպաստում ես դրան և դրա դիմաց ունես նյութական շահ, սա հստակ ամրագրված է ՀՖՖ կանոնակարգերով: Սակայն, բողոք ներկայացրած անձինք գտնում են, որ չկա որևէ ապացույց, որ այդ խաղացողներն ունեն կամ ունեցել են նյութական շահ, կամ առհասարակ ստացել են որևէ նյութական օգուտ, որի համար վաճառել են խաղերը: Ֆուտբոլիստներից Սամվել Սաֆարյանը նույնիսկ նշել է, որ նա խաղերից մեկի ժամանակ հայտավորվել է հանդիպմանը թիմի ադմինիստրատորի կողմից, սակայն վնասվածքի պատճառով եղել է միայն տրիբունայում, ինչի մասին վկայում էի թիմակիցները: Նա նաև նամակ էր գրել ֆեդերացիայի նախագահին և խնդրել վերանայել գործն իր մասով, նորից դիտել տեսանյութերը և տեսնել, որ ինքը չկա պահեստայինների շարքում այդ օրը, ինչը խոսում է այն մասին, որ մեղադրանքներն անհիմն են։

Սամվել Սաֆարյանը որակազրկվել էր 3 տարով ու տուգանվել 2 միլիոն ՀՀ դրամ, իսկ մյուս երկու ֆուտբոլիստները՝ Լոկվա Անտոնիո Ջորջես Տեշեյրան և Պապե Դեմբա Դիյեին, որակազրկվել էին ցմահ: Մեր 3 խաղացողների զեկույցներում, ընդհանուր առմամբ նշված էր, որ նրանք իրենց հնարավորություններից թույլ են հանդես եկել: Ես Լոզանի դատարանում օրինակ բերեցի, որ, օրինակ, Լիոնել Մեսին որոշ խաղերում թույլ խաղ է ցուցադրել՝ համաձայն ֆուտբոլային վերլուծաբանների և մասնագետների կազմած զեկույցների և հոդվածների: Այդ տրամադրությամբ նրան ևս կարելի է մեղադրել պայմանավորված խաղի մեջ և ամեն անգամ վարույթ սկսել:

Կարճ ասած, մեր 3 խաղացողների բողոքարկումը, ի թիվս այլոց, ամբողջությամբ մերժվում է ՀՖՖ-ի բողոքարկման վերադաս կոմիտեի կողմից:

Դրանից հետո հայցադիմում է ներկայացվում Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան: Քանի որ ֆուտբոլիստների պայմանագրերում նշված էր շատ ցածր աշխատավարձ, CAS-ն ընդառաջում է վերջիններիս և համաձայնում, որ անվճար կքննի սույն գործը: Ինչպես հայտնի է CAS-ում որևէ ակտ կամ դատական որոշում բողոքարկելու և գործ սկսելու համար անհրաժեշտ են բավականին մեծ գումարներ: Մենք Լոզանի դատարանից պահանջել էինք ՀՖՖ որոշման վերացում և իրավունքների վերականգնում:

2021 թվականի փետրվարին տեղի է ունենում նիստը, իսկ օգոստոսին մենք ստանում ենք որոշում այն մասին, որ գործն ամբողջությամբ հաղթել ենք: Կարելի է ասել, որ մեր հաճախորդներն արդարացվել են և վերականգնել իրենց իրավունքներն ամբողջությամբ: Մեր 3 խաղացողների որակազրկումները չեղյալ են հայտարարվել, վերջիններս արդեն կարող են ցանկացած գործունեություն ծավալել ֆուտբոլում»,- նշեց Արծրուն Բադալյանը:

Արծրուն Բադալյանի խոսքով, կարևոր է, որ ֆուտբոլիստները հասկանան՝ կան գործողություններ, մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ է պարտադիր կատարել և փորձել՝ պաշտպանելու համար իրենց և իրականացնել իրավունքների պաշտպանություն:

«Չի կարելի միայն ասել, որ ես մեղավոր չեմ կամ այս երկրը երկիր չէ: ՖԻՖԱ-ի վեճերի լուծման պալատը ևս նշում է, որ ակումբները մեղավորություն չունեն, եթե ֆուտբոլիստներն անպատասխանատու են և ժամանակին չեն բարձրաձայնում խնդիրները: Պետք է կատարել ճիշտ գործողություններ և բողոքարկել, բոլոր հնարավորություններն ընձեռնված են, այն էլ՝ անվճար: Բացի այդ, եթե ֆուտբոլիստները կամ ակումբի ներկայացուցիչները տեղեկանում են, որ կա կասկած, կարող են ՖԻՖՊՐՈ կազմակերպության միջոցով հայտնել կասկածելի դեպքի մասին և չբացահայտել իր ինքնությունը։ Սակայն, եթե ֆուտբոլիստը ոչինչ չի ցանկանում անել, ՈւԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն ինչպե՞ս կարող են հետևել այդ ամենին: Ինչի մասին է խոսքը, երբ ֆուտբոլիստը նույնիսկ իր պայմանագիրը չի վերցնում ակումբից կամ չգիտի, թե ինչպես պաշտպանել ինքն իրեն: Հայկական ակումբների ֆուտբոլիստների մեծաթիվ մասը ֆիզիկապես չունի իր պայմանագիրը, չի տիրապետում դրան, ուր մնաց պաշտպանի իրեն և բարձրաձայնի խնդիրների մասին։ Իմ կարծիքով, մեր ֆուտբոլային հասարակության մեջ ցածր է իրավագիտակցության, իրավաբանական կրթության մակարդակը, դրա համար էլ ունենք այս պատկերը»,- ասաց փաստաբանը:

«Արտ Լեգալը» Հայաստանում միակ սպորտային իրավաբանական-փաստաբանական ընկերությունն է, որը զբաղվում է ֆուտբոլային վեճերով: Արծրուն Բադալյանը ֆուտբոլիստներին կոչ է անում լուրջ վերաբերվել պայմանագրերի կնքմանը՝ հետագայում խնդիրներից խուսափելու դեպքում:

«Խնդիրներից խուսափելու համար ֆուտբոլիստներին խորհուրդ կտամ պայմանագիր կնքելուց առաջ խորհրդակցել իրենց իրավաբանների ու գործակալների հետ: Շատ կարևոր է ուսումնասիրել պայմանագրերը և անպայման ստանալ դրա և կից փաստաթղթերի օրինակները: Փորձը ցույց է տալիս, որ հիմնականում հարցեր առաջանում են պայմանագիրը լուծելիս և փոխհատուցման հաշվարկի մեջ: Ֆուտբոլիստի պայմանագրում կան 5 մինիմալ կետեր, պայմանները, որոնք պարտադիր պետք է նայել: Դրանք են՝ պայմանագրի ժամկետը, դրա երկարացումն ու դադարեցումը, աշխատավարձը, պայմանագիրը լուծելու հարցը և վեճերի լուծման կարգը: Ամեն անգամ, ամենաքիչը կողմերը պետք է ուշադրություն դարձնեն այս հիմնական կետերին, իսկ մնացածը, կարելի է ասել, երկրորդական է, բայց ոչ՝ անկարևոր: Ակումբները գրեթե միշտ պայմանագրերն առաջարկում են իրենց ցանկալի պայմաններով: Սակայն, եթե դու լինում ես խելացի ֆուտբոլիստ և ունենում ես իրավաբան կամ գործակալ, ավելի լավ պայմաններով և պաշտպանված ես լինում:

Մենք մեր թիմով փորձում ենք նաև ակումբներում «իրավական» հեղափոխություն անել, ավելի պրոֆեսիոնալ պայմանագրեր ենք կազմում, խոսում ենք մարզիչների և ֆուտբոիստների հետ, փորձում ենք կանխել խնդիրները և վեճերը, իսկ առկա վեճերը փորձում ենք հանգուցալուծել բանակցությունների միջոցով։ Հայաստանյան ակումբներից ներկա պահին համագործակցում ենք «Նորավանք» և «Վան» ֆուտբոլային ակումբների հետ։ Մենք նաև աշխատել ու համագործակցել ենք տարբեր ֆուտբոլիստների ու մարզիչների հետ»,- նշեց Արծրուն Բադալյանը:

Վերջերս Հայաստանում տեղի էր ունեցել Դանիել Ջիի հեղինակած «Հաջողված գործարք» (անգլերեն՝ «Done Deal») գրքի շնորհանդեսը: Ըստ Արծրուն Բադալյանի՝ այդ գրքում բազմաթիվ օգտակար տեղեկություններ կան ֆուտբոլային գործունեությամբ զբաղվող մարդկանց համար:

««Արտ Լեգալ» ընկերությունը վերջերս նաև ձեռք է բերել գրքի հայերեն թարգմանության հեղինակային իրավունքը, այն արդեն հրատարակված է և վաճառքում է Երևանի գրախանութներում: Առաջին խմբաքանակը հրատարակել ենք 500 օրինակով: Այդ գիրքը Հայաստան բերելու նպատակն այն էր, որ լինես ֆուտբոլիստ, մարզական լրագրող, մեկնաբան, վերլուծաբան, գործակալ, սպորտային տնօրեն կամ մարզիչ, այս գիրքը քեզ կօգնի ավելի լավ հասկանալ ֆուտբոլային աշխարհը՝ զրոյից անվերջություն, և այդ ամենն՝ անգլիական Պրեմիեր լիգայի փաստական օրինակներով: Այնտեղ նկարագրված է, թե ինչպես են աշխատում ակումբները և պայմանագրերը, իրականացվում հեռարձակումները, լուծվում վեճերը, նշանակվում պատժամիջոցները և մի շարք այլ հետաքրքիր թեմաներ: Գրքի հեղինակը երկար տարիներ իրավաբանական ծառայություններ է մատուցել Անգլիայում և Եվրոպայի մի շարք երկրներում: «Done Deal»-ը 2019 թվականին Amazon-ում ամենաշատ վաճառք ունեցած գրքերից է: Դա Հայաստանում ֆուտբոլի վերաբերյալ առաջին ու ամենահանրամատչելի մասնագիտացված գիրքն է: Երիտասարդ ֆուտբոլիստները, մարզիչները, լրագրողները և պարզապես ֆուտբոլի սիրահարները, կարդալով այդ գիրքը, կհասկանան, թե ուր է գնում ֆուտբոլը և ինչպես, ինչ կա ֆուտբոլային ներաշխարում։

Այս քայլով, մենք փորձում ենք մեր ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում, փորձել այլ կողմից բարձրացնել հայ հասարակության իրավագիտակցությունը։

Հավելեմ, որ Լոզանի դատարանի նման որոշումը կնպաստի նաև, որ հայ ֆուտբոլիստները լինեն ավելի վստահ, ավելի մոտիվացված, ավելի տեղեկացված, որ կան իրավական ճանապարհներ սեփական իրավունքները պաշտպանելու համար, բայց, միևնույն ժամանակ, պետք է ամեն բան անեն, որ թույլ չտան որևէ անօրինական քայլ և արարք, որը կխանգարի մեր ֆուտբոլին»,- խոսքը եզրափակեց Արծրուն Բադալյանը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով