21:27  ,  30 սեպտեմբերի, 2021

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի Մ20 կրկնակի չեմպիոն (ֆոտո)

Հայաստանի ներկայացուցիչ, մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական չեմպիոն Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճեց Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը:

Լիանա Գյուջյանը Եվրոպայի Մ20չեմպիոն էր դարձել նաեւ 2019 թվականին Բուխարեստում: Ֆինլանդիայի մրցահարթակում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 216 կգ (95+121): Պոկում վարժությունում պայքարը սկսեց 90 կգ-ով, երկրորդ փորձից միայն կարողացավ պոկել 95 կգ-ոց ծանրաձողը: Այս վարժությունում Լիանա Գյուջյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 115 կգ-ը: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 121 կգ-ոց ծանրաձողը չկարողացավ ծնկներից վերեւ բարձրացնել: Երրորդ մոտեցմամբ դժվարությամբ, բայց կարողացավ հրել 121 կգ-ոց ծանրաձողը: Այս վարժությունում Լիանա Գյուրջյանին մեկ կիլոգրամով զիջեց թուրք մրցակիցը: Հայ մարզուհին նվաճեց հրում վարժության փոքր արծաթե մեդալը:

Երկամարտում փոխչեմպիոնի կոչումը նվաճեց թուրք Սառա Յենիգուն (213 կգ), բրոնզե մեդալակիր սլովակ Լենկա Զեմբովան (199 կգ): Մեդալակիների պարգեւատրման արարողության ավարտից հետո թուրք մարզուհին պարզեց ձեռքը Լիանա Գյուրջյանին շնորհավորելու համար:

19-ամյա Լիանա Գյուրջյանը 2021 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, աշխարհի երիտասարդակ չեմպիոն: 2013 թվականի պատանիների Հայաստանի չեմպիոն է:

2015 թվականին պատանիների Եվրոպայի առաջնությունում 145 կգ երկամարտի արդյունքով չորրորդ տեղն է զբաղեցրել: 2016 թվականին նույն պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 156 կգ երկամարտի արդյունքով: 2017 թվականի Հայաստանի չեմպիոն է դարձել եւ նույն տարում Կոսովոյում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալ նվաճել 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 183 կգ արդյունքով:

2018-ին կրկին Հայաստանի պատանիների չեմպիոնի կոչումն է նվաճել եւ Միլանում Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն հռչակվել: Արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունում 2018 թվականին Թուրքմենստանում Լիանա Գյուրջյանը բավարարվեց 19-րդ տեղով՝ երկամարտում ցույց տալով 195 կգ:

2019 թվականին Լաս Վեգասում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 76 կգ քաշայինների պայքարում երկամարտի 208 կգ արդյունքով: Բաթումիում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Գյուրջյանը երկամարտում հավաքեց 217 կգ եւ գրավեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 120 կգ։ Պոկում վարժությունում 97 կգ-ով չորրորդն էր։ 2019-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը երկամարտի 215 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:

Սա Հայաստանի 5-րդ ոսկե մեդալն է: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել 20 տարեկանների պայքարում Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ 230 կգ), Գոռ Սահակյանը (67կգ, երկամարտ 301 կգ): Մինչեւ 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցումով ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ 345 կգ), Կարեն Մարգարյանը երկամարտի (81 կգ, երկամարտ 330 կգ): Մ20 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Գրիգորյանը (81 կգ, երկամարտ 328 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ 2020):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English