10:21  ,  30 սեպտեմբերի, 2021

Ռաֆիկ Հարությունյանը՝ Ֆինլանդիայից․ Հաղթանակս նվիրում եմ մեր անմահացած հերոսներին

Հաղթանակս նվիրում եմ մեր անմահացած հերոսներին: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատով սպասում էին իմ հաղթանակին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ֆինլանդիայից ասաց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների նորընծա չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը հրում վարժության մեկ մոտեցումով նվաճեց չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 345 կգ (155+190): Պոկում վարժությունը 4-րդ տեղով ավարտելուց հետո, 21-ամյա ծանրորդը հրում վարժությունում մեկ մոտեցումով շրջանցեց բոլոր մրցակիցներին եւ նվաճեց 81 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը:

«Ուրախ եմ հաղթանակիս համար: Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում էին ինձ: Պոկում վարժությունն ինձ մոտ չստացվեց: Երրորդ մոտեցումը ձախողեցի: Իրականում ես ինձ ավելի վստահ եմ զգում հրում վարժությունում: Սա մրցում է եւ չես կարող պատկերացնել, թե 10 րոպե հետո քեզ հետ ինչ կարող է լինել:

Հրում վարժությունում, ի սկզբանե, որոշված էր 190 կգ-ի գնալ եւ հաջող վարժությունը կատարելու դեպքում այդ մեկ մոտեցումով ավարտել: Մարզիչների հետ նախապես այդպես էինք որոշել: Առջեւում մեծահասակների աշխարհի առաջնությունն է եւ դեռ պետք է ուժերը խնայել: Նախնական տվյալներով պետք է պատրաստվեմ աշխարհի առաջնությանը: Հենց այս նպատակով մեկ մոտեցումով բավարարվեցինք այստեղ:

Հաղթանակս նվիրում եմ մեր անմահացած հերոսներին եւ բոլոր նրանց, ովքեր սպասում էին իմ այս հաղթանակին»,- ասաց Ռաֆիկ Հարությունյանը:

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ծանրամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշայինների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը հրում վարժությունում 190 կգ-ով նվաճեց նաեւ փոքր ոսկե մեդալ:

Ռաֆիկ Հարությունյանը պատանիների Եվրոպայի արծաթե մեդալակիր է, երիտասարդների Եվրոպայի արծաթե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր: 2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշայինների պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը (346 կգ, 150+196): Հրում վարժությունում բարձրացրած 196 կգ-ի շնորհիվ հայ մարզիկն արժանացել է փոքր բրոնզե մեդալի, նաեւ սահմանել երիտասարդների ռեկորդ։

Ավելի վաղ մինչեւ 20 տարեկանների պայքարում Հայաստանի համար ոսկե մեդալներ էին նվաճել նաեւ Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ 230 կգ) եւ Գոռ Սահակյանը (67կգ, երկամարտ 301 կգ): Սեպտեմբերի 29-ին Մ20 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Սեպտեմբերի 30-ին Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ: Մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կմասնակցեն Կարեն Մարգարյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (81 կգ), Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ) եւ Լիանա Գյուրջյան (81 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս