20:32  ,  29 սեպտեմբերի, 2021

Ռաֆիկ Հարությունյանը մեկ մոտեցումով հռչակվեց Եվրոպայի Մ23 չեմպիոն (ֆոտո)

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը հրում վարժության մեկ մոտեցումով նվաճեց չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 345 կգ (155+190):

Պոկում վարժությունը Ռաֆիկ Հարությունյանի համար հաջող չդասավորվեց: Առաջին մոտեցմամբ նա բարձրացրեց 150 կգ, ապա 155 կգ: 160 կգ-ի երրորց մոտեցումը Հայաստանի ներկայացուցիչը ձախողեց եւ այս վարժությունում պայքարն ավարտեց 4-րդ տեղով:

Հրում վարժությունում Ռաֆիկ Հարությունյանն ամենավերջինը դուրս եկավ մրցահարթակ, երբ բոլոր մասնակիցներն ավարտել էին իրենց ելույթները: Հայաստանի թիմի մարզիչները Ռաֆիկ Հարությունյանի համար պատվիրել էին ամենածանր քաշը՝ 190 կգ:

21-ամյա ծանրորդը առաջին մոտեցմամբ հրեց 190 կգ-ոց ծանրաձողը եւ շրջանցեց բոլոր մրցակիցներին՝ ապահովելով չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ եւ երրորդ մոտեցումներից ծանրորդն ու մարզիչները հրաժարվեցին: Հարությունյանը նվաճեց նաեւ այս վարժության փոքր ոսկե մեդալ:

Ռաֆիկ Հարությունյանը պատանիների Եվրոպայի արծաթե մեդալակիր է, երիտասարդների Եվրոպայի արծաթե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշայինների պայքարում զբաղեցրեց 4-րդ տեղը (346 կգ, 150+196): Հրում վարժությունում բարձրացրած 196 կգ-ի շնորհիվ հայ մարզիկն արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Իսկ 2019 թվականի Բաթումիի Եվրոպայի առաջնությունում հրում վարժությունում 194 կգ արդյունքով սահմանել էր երիտասարդների ռեկորդ:

Ավելի վաղ մինչեւ 20 տարեկանների պայքարում Հայաստանի համար ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ 230 կգ) եւ Գոռ Սահակյանը (67կգ, երկամարտ 301 կգ): Սեպտեմբերի 29-ին Մ20 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում