17:36  ,  29 սեպտեմբերի, 2021

Կարեն Աղամալյան․ Հովհաննես Բաչկովը լուրջ պատրաստվում է ԱԱ-ին, ցանկություն ունի

Հովհաննես Բաչկովը ցանկություն ունի մասնակցելու աշխարհի առաջնությանը. լուրջ պատրաստվում է: Ամենայն հավանականությամբ, նա կմասնակցի: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը դեռ չի հայտարարել կազմը, որը կմեկնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի առաջնության: Թիմն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցնում Ծաղկաձորում:

«Աշխարհի առաջնության կազմը դեռ վերջնական պարզ չէ: Այժմ թիմը հավաք է անցնում Ծաղկաձորում, որից հետո հոկտեմբերի 6-20-ը վերջին հավաքը կանենք Երեւանում: Վերջին հավաքի օրերին կազմը կհայտարարեմ:

Այս պահին մի քանի քաշերում արդեն պարզ է, թե ովքեր են մասնակցելու, որոշներում դեռ պետք է հասկանանք: Ինչպես արդեն նշել էի, բանակայինների աշխարհի առաջնությունը ընտրական է լինելու մասնակից բռնցքամարտիկների համար:

Գոհ եմ երիտասարդներից: Ինչ խնդիր նրանց առջեւ դրված էր, կատարեցին: Օրինակ՝ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, չնայած պարտվեց առաջին մենամարտում, բայց, երեւի, նրան հնարավորություն կտանք Սերբիայում: +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը կգնա աշխարհի առաջնություն: Այստեղ միակ խնդիրը նրան Երեւանի հավաքում զուգընկեր գտնելն է: Առանց սփարինգ-զուգընկերոջ անհնար է:

Բանակայինների աշխարհի առաջնությունն այս անգամ բավական ուժեղ էր: Երկրների գրեթե մեծ մասն իրենց առաջին կամ երկրորդ համարներով էին մասնակցում: Ընդհանուր արդյունքներն ինձ բավարարում են: Տղաներն ամեն ինչ արեցին հաղթանակի համար, բայց եթե դիմացդ ուժեղ մրցակից է, դժվար է հաղթելը:

Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մասնակցությանը, դեռ հստակ չեմ կարող ասել: Բաչկովը լուրջ պատրաստվում է, ցանկություն ունի: Ամենայն հավանականությամբ, կմասնակցի»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով