13:18  ,  28 սեպտեմբերի, 2021

CAS-ը չեղարկել է ՀՖՖ-ի կողմից որակազրկված ֆուտբոլիստների պատժամիջոցը

Ֆուտբոլային իրավունքի վեճերով մասնագիտացված Art Legal փաստաբանական գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում (CAS) հաղթել է ՀՖՖ-ի դեմ հայցը 3 ֆուտբոլիստների հարցով:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS), քննելով մեր ներկայացված լայնածավալ բողոքը, ամբողջությամբ բավարարել է այն, այդպիսով վերացնելով մեր հաճախորդների վրա դրված ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու արգելքը։

Նույն 02.07.2020թ. աննախադեպ որոշմամբ ՀՖՖ-ն որակազրկել էր ընդհանուր 58 ֆուտբոլիստի և 5 հայկական ֆուտբոլային ակումբների, իսկ ՀՖՖ բողոքարկման կոմիտեն ամբողջապես մերժել էր բոլոր ներկայացված դիմում-բողոքները։ Այսպիսով, Լոզանի արբիտրաժը հաստատեց որ մեր հաճախորդներն արդար են և անմեղ։

Նման որոշումն ազդակ է բոլոր կողմերի համար՝ գործելու արդար և անաչառ, աշխատել միայն ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացման։

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք արձանագրել, որ մշտապես դեմ ենք եղել հայկական ֆուտբոլում անօրինականություններին և անարդարություններին, անկախ այն հանգամանքից, թե ով է այն կատարում և ինչպես, ուստի մենք ևս գործադրելու ենք բոլոր հնարավոր ջանքերը ի նպաստ հայկական ֆուտբոլի և սպորտային իրավունքի զարգացմանը։

Շնորհակալ ենք մեզ վստահելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս