20:44  ,  27 սեպտեմբերի, 2021

Պոչետինո․ Մեսին ունի նոր ակումբում հարմարվելու կարիք

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումից առաջ հորդորել է ճնշում չգործադրել թիմի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի վրա։

«Մենք խոսում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին, բայց ասելով դա՝ պետք է չմոռանալ, որ Մեսին բոլորիս նման սովորական մարդ է, որն ունի նոր ակումբում հարմարվելու կարիք։ Ընտանիքը պետք է հարմարվի նոր միջավայրին եւ մշակույթին։ Թույլ տվեք Մեսիին հարմարվել եւ զգալ իրեն ինչպես տանը։ Հիմա նրա համար ամեն ինչ նոր է։

Նա քիչ ժամանակ է ունեցել։ Մենք աշխատում ենք միասին։ Մեսին ծանոթանում է թիմակիցներին եւ մտադիր է հասնել հաջողության եւ ակումբի համար տիտղոսներ նվաճել։

«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին նա կլինի թիմում, սակայն մասնակցության մասին հստակ պատասխան կունենամ հանդիպումից առաջ։ Ես դեռ ոչինչ չեմ հաստատում»,-  Պոչետինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ծնկի վնասվածքի պատճառով Մեսին բաց է թողել ՊՍԺ-ի նախորդ երկու հանդիպումները, սակայն արդեն երկու օր մարզվում է ընդհանուր խմբում։

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի ՊՍԺ - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում