23:15  ,  25 սեպտեմբերի, 2021

Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ-20 չեմպիոն (ֆոտո)

19-ամյա Գառնիկ Չոլակյանը հռչակվել է ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում սեպտեմբերի 24-ին մեկնարկել է ծանրամարտի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի առաջին ներկայացուցիչ, 19-ամյա Գառնիկ Չոլակյանը մինչեւ 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճեց ոսկե մեդալ՝ հետ թողնելով երկու թուրք մրցակիցների:

Երիտասարդ ծանրորդը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 95 կգ, երկրորդ մոտեցմամբ պոկեց 100 կգ: Երրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 104 կգ, բայց չհաջողվեց պոկել ծանրաձողը:

Այս վարժությունում Գառնիկ Չոլակյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժության առաջին մոտեցմամբ Հայաստանի ներկայացուցիչը դժվարությամբ, բայց կարողացավ 125 կգ-ոց ծանրաձողը պահել գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամբ էլ հրեց 130 կգ եւ ապահովեց երկամարտի ոսկե մեդալը:

Գառնիկ Չոլակյանն ու Հայաստանի թիմի մարզիչները հրաժավեցին երրորդ մոտեցումից, նվաճելով այս վարժության փոքր ոսկե մեդալը: Հայաստանի ներկայացուցիչի հետ ոսկե մեդալի համար պայքարում էին նաեւ երկու թուրք ծանրորդներ, որոնց չհաջողվեց գերազանցել Չոլակյանին հրում վարժությունում: Երկամարտում արծաթե մեդալակիր դարձավ Չեխիայի ներկայացուցիչ Ֆրանտիշեկ Պոլակը (224 կգ), բրոնզե մեդալակիր՝ Թուրքիայի ներկայացուցիչ Մելիքխան Գունայը (217 կգ):

Եվրոպայի Մ20 եւ Մ23 առաջնությունում Հայաստանից կմասնակցեն նաեւ մինչեւ 20 տարեկաններ՝ Գոռ Սահակյան (67 կգ), Կարեն Մարգարյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (81 կգ), Գեւորգ Ղահրամանյան (89 կգ), Գարիկ Կարապետյան (96 կգ), Պետրոս Պետրոսյան (102 կգ), Միլենա Խաչատրյան (76 կգ ), Լիանա Գյուրջյան (81 կգ) եւ Մարգարիտա Առաքելյան (87 կգ), մինչեւ 23 տարեկաններ՝ Նշան Անտոնյան (73 կգ), Արմեն Գրիգորյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Կարեն Ավագյան (89 կգ), Արա Աղանյան (96 կգ), Արսեն Մարտիրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ) եւ Արփինե Դալալյան (+87 B կգ):

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչների հետ մրցավայրում աշխատում է տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Մրցավարական կազմում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի որդին է՝ Արայիկ Ալավերդյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում