11:58  ,  25 սեպտեմբերի, 2021

Ռոբերտ Լևանդովսկու գոլային շարքն ավարտվեց

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գոլային շարքը Մյունխենի «Բավարիայի» կազմում չշարունակվեց «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի մեկնարկային խաղում (3:1):

Մինչև այդ հանդիպումը Լևանդովսկին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում գոլ էր խփել 19 խաղ անընդմեջ: Նախորդ անգամ նա պաշտոնական խաղերում խաղադաշտից առանց գոլի հեռացել էր այս տարվա փետրվարի 11-ին:

Բացի այդ, 33-ամյա ֆուտբոլիստին մեկ գոլ էր բաժանում Գերդ Մյուլերի ռեկորդից: Գերմանացի լեգենդար հարձակվողը Բունդեսլիգայում գոլ էր խփել 16 խաղերում անընդմեջ: Լևանդովսկու գոլային շարքը կազմեց 15 խաղ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին նախորդ տուրում սահմանել էր ռեկորդ՝ դառնալով Բունդեսլիգայի 13 տնային խաղերում գոլի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English