12:44  ,  24 սեպտեմբերի, 2021

Արման Ծառուկյան. Կարծում եմ՝ 3 մենամարտից կպայքարեմ UFC-ի չեմպիոնական գոտու համար

UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին:

«Ես ինձ համարում եմ UFC-ի լավագույն թեթև քաշայինն այս պահին, և իրատեսորեն եմ գնահատում իմ հնարավորությունները: Եթե չլինեի այդքան ինքնավստահ, ապա ի՞նչ իմաստ կունենար շարունակել ելույթներս: Այդ դեպքում կթողնեի MMA-ն ու մի կողմ կգնայի: Չէի ցանկանա մենամարտի դուրս գալ այն զգացողությամբ, որ կարող եմ պարտվել որևէ մեկին:

Կարծում եմ՝ մոտ 3 մենամարտից կամ 1.5 տարուց կունենամ չեմպիոնական տիտղոսի համար մենամարտելու հնարավորություն: Այնպես որ, 2 տարուց ես պետք է դառնամ UFC-ի չեմպիոն»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:

Հարցին, թե իր համար ավելի կարևոր կլիներ օլիմպիական չեմպիոն դառնալը, թե UFC-ի չեմպիոնությունը, 24-ամյա մարտիկը պատասխանել է. «Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Ինձ պետք է UFC-ի չեմպիոնական գոտին»:

Հիշեցնենք, որ ամերիկացի Խրիստոս Գիագոսի նկատմամբ հաղթանակից հետո Արման Ծառուկյանն UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում առաջադիմել էր մեկ աստիճան և բարձրացել 13-րդ տեղ: Սեպտեմբերի 18-ին Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարում նա 31-ամյա Գիագոսին առաջին ռաունդում հաղթել էր տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում