19:13  ,  22 սեպտեմբերի, 2021

Օլիվեր Կան․ Լեւանդովսկին հենց այնպես չէ համարվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի ղեկավար Օլիվեր Կանը խոսել է թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու մասին, որը ստացել է Եվրոպայի ազգային լիգաների անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։

«Լեւանդովսկին հենց այնպես չէ համարվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Նրա գոլերը վկայում են այդ մասին։ Նրա կայուն գերազանց մրցելույթները ամենօրյա ծանր աշխատանքի արդյունք են։ «Բավարիայում» Լեւանդովսկին պատմություն գրեց թիմի հետ եւ անհատապես։

Լեւանդովսկին եւս մեկ լավ օրինակ է, թե ինչպես միջազգային մակարդակի առաջատար ֆուտբոլիստը կարող է մարզական հայրենիք գտնել «Բավարիայում», այստեղ անցկացնել կարիերայի լավագույն տարիները եւ նվաճել բազմաթիվ տիտղոսներ»,- Կանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի անցած առաջնությունում Լեւանդովսկին 29 խաղում խփել է 41 գոլ։ Սա լավագույն ցուցանիշն է եվրոպական առաջնություններում 2014-2015 թվականների մրցաշրջանից հետո, երբ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» խփեց 48 գոլ։

Անցած տարի Լեւանդովսկին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում