15:46  ,  22 սեպտեմբերի, 2021

Կուման. Մեսին ծածկում էր «Բարսելոնայի» թերությունները

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է կատալոնական ակումբի նախկին հարձակվող, վերջերս ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Լիոնել Մեսիին:

«Մեսին «Բարսելոնայում» ամեն բան վերցնում էր իր վրա: Թիմի բոլոր խնդիրները նա ծածկում էր իր խաղի որակով ու արդյունավետությամբ: Իհարկե, Մեսիին միշտ շրջապատում էին հրաշալի ֆուտբոլիստներ, սակայն հենց նա էր վճռորոշ դերակատարում ունենում թիմում: Նրա ֆոնին բոլորն ունեին ավելի թույլ տեսք: Դա իմ դիտարկումն է: Նա չէր կատարում որևէ ավելորդ շարժում»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է vi.nl-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողն օգոստոսի 10-ին ՊՍԺ-ի հետ կնքել էր 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

34-ամյա Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հուլիսի 1-ին, ինչից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Արգենտինացին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում