13:09  ,  21 սեպտեմբերի, 2021

Հովհաննես Գաբրիելյան․ Ուժեղ կազմով ենք մեկնելու եւ մեդալների ակնկալիքներ ունենք ձմեռային Ունիվերսիադայում

Առաջին անգամ ձմեռային Ունիվերսիադային կմասնակցենք պետական ֆինանսավորմամբ: Ուժեղ կազմով ենք մեկնելու եւ մեդալների ակնկալիքներ ունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը:

Սեպտեմբերի 20-ին նշվում էր համալսարանական սպորտի միջազգային օրը: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ ԵՊՀ մարզադահլիճում անցկացվեցին պարանի ձգում եւ սպորտային ժայռամագլցման մարզաձեւերի միջբուհական առաջնություններ:

Հովհաննես, քանի բուհ էր մասնակցում սպորտային ժայռամագլցման եւ պարանի ձգում  առաջնություններում եւ որո՞նք ճանաչվեցին հաղթողներ:

ԵՊՀ-ում կազմակերպեցինք այս երկու մարզաձեւերի առաջնություններ, որոնց մասնակցում էր 10 համալսարանի շուրջ 100 ուսանող: Պարանի ձգում մարզաձեւում հաղթեց ՀՊՏՀ թիմը: Սպորտային ժայռամագլցումն անհատական էր, տղաների պայքարում առաջատարը ԵՊՀ-ի ուսանողն էր, աղջիկների պայքարում՝ Ագրարային համալսարանի ուսանողուհին:

Հովհաննես, դուք 2019 թվականից Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն եք: Ի՞նչ ծրագրեր ունեք 2021-2022 մրցաշրջանում:

2019 թվականի սեպտեմբերին նշեցինք ՀՈՒՄՖ-ի 25-ամյակը: Այդ օրն ընտրվեցի ֆեդերացիայի նախագահ: Դրանից հետո ունեցանք ուսանողական սպորտի հաջողված աշնանային փուլ: Մեծ ծրագրերով մուտք էինք գործում 2020 թվական, ունեինք մեծ նախագծեր: Նախատեսում էինք անցկացնել Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի վեհաժողով, բայց կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով վեհաժողովը չեղարկվեց: 2020 թվականին կարողացանք անցկացնել լողափնյա վոլեյբոլի մրցաշար եւ Հայաստան-Վրաստան ուսանողական սպորտի փառատոն, որն անցկացվեց միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ:

Այս տարի գարնանային փուլի համար պետական ֆինանսավորում չունեցանք, բայց բուհերի մուտքավճարներով կարողացանք անցկացնել 3x3 բասկետբոլի, բադմինտոնի, շախմատի, լողափնյա վոլեյբոլի մրցաշարեր: Այս տարի առաջին անգամ բուհերի միջեւ կազմակերպվեց եւ անցկացվեց ռաֆթինգի առաջնություն, որը շատ հետաքրքիր էր:

Աշնանային փուլը մեկնարկեց համալսարանական սպորտի միջազգային օրով: Հոկտեմբերից մեկնարկում է 22-րդ Հանրապետական ուսանողական խաղերը: Այս մրցաշրջանում կանցկացնենք թիավարության մրցումներ Երեւանյան լճում, դեկտեմբերին կմասնակցենք ձմեռային Ունիվերսիադային, ապա կանցկացնենք ձմեռային մարզաձեւերի միջբուհական մրցաշար Աշոցքում: Աշնանային մրցաշրջանն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Այս փուլում շեշտը դրել ենք խաղային ձեւերի վրա: Փորձում ենք կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո ուսանողներին ակտիվացնել:

Ձմեռային Ունիվերսիադան ե՞րբ եւ որտե՞ղ է անցկացվելու: Քանի՞ մասնակից կունենա Հայաստանը:

Ձմեռային Ունիվերսիադան տեղի է ունենալու դեկտեմբերին Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում: Այն պետք է տեղի ունենար 2021 թվականի սկզբին, բայց հետաձգվեց: Ամառայինը եւս հետաձգված է՝ տեղի կունենա 2022 թվականի ամռանը Չինաստանում:

Առաջին անգամ ձմեռային Ունիվերսիադայի համար ունենք պետական ֆինանսավորում: Հայաստանը մասնակիցներ կունենա երեք մարզաձեւերում՝ դահուկավազք, լեռնադահուկ  եւ գեղասահք: Նախնական տվյալներով Շվեյցարիայում կմասնակցեն Միքայել Միքայելյանը (դահուկավաք), Սլավիկ Հայրապետյանը եւ Մարինա Ասոյանը (գեղասահք), Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանը (լեռնադահուկ): Դահուկավազքում քննարկվում է նաեւ Երվանդ Մանուկյանի մասնակցությունը, որն այժմ զինծառայության մեջ է: Փորձում ենք լուծել բանակի հարցը: Շատ լավ կլիներ, որ կարողանայինք փոխհամաձայնության գալ եւ հնարավորություն տալ մեր դահուկորդին մասնակցել Ունիվերսիադային: Երվանդը ՀՖԿՍՊԻ-ի ուսանող է, զորակոչվել է բանակ:

Կազմը բավական ուժեղ է, սպասվում է հետաքրքիր պայքար հայ մարզիկների մասնակցությամբ:  

Մեդալային ակնկալիքներ կա՞ն:

Մեծ ակնկալիներով ենք պատրաստվում Ունիվերսիադային: Ուժեղ կազմ ունենք, տվյալ մարզաձեւերի մեր ուժեղագույններն են մասնակցում: Մեդալներ սպասում ենք մասնավորապես Միքայել Միքայելյանից, Սլավիկ Հայրապետյանից:

Վերջերս վերընտրվեցիք համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ղեկավար կազմի անդամ: Ի՞նչ արտոնություններ ունի Հայաստանն այս առումով եւ ի՞նչ ծրագրեր կան եվրոպական ասոցիացիայի հետ ապագայում: 

Սեպտեմբերի 9-12-ը Բուդապեշտում անցկացվեց Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի վեհաժողովը (EUSA - European University Sports Association Electoral General Assembly): Սա հետաձգված վեհաժողովն էր, որը պետք է տեղի ունենար Երեւանում 2020 թվականին: Այնտեղ ես վերընտրվեցի ասոցիացիայի ղեկավար կազմի անդամ եւ աուդիտոր: Մեծ արտոնություններ է տալիս ղեկավար կազմի անդամ լինելը: Լայն հնարավորություններ են բացվում մեր երկրի առջեւ, կարող ենք դրսից ծրագրեր բերել, միջազգային մրցաշարեր անցկացնել այստեղ, Հայաստանի շահերը ներկայացնել:

Վերընտրվել եմ 4 տարով: Ապագա ծրագրերը շատ են: Նպատակ ունենք կրթական մեծ միջոցառում անցկացնել կոնֆերանսի տեսքով, 2025 թվականին ծրագրում ենք Հայաստան բերել ուսանողական սպորտի որեւէ եվրոպական մրցաշար՝ ֆուտբոլ, ֆուտզալ կամ թենիս: Դեռ կհասկանանք:

Հովհաննես, այս տարիների ընթացքում հայկական ուսանողական սպորտում ի՞նչ աճ է գրանցվել:

Ուսանողական սպորտում աճը եղել է մինչեւ 2019 թվականը: Մինչ այդ, մեծ դժվարությունների միջով անցնելով, կարողացել ենք լավ հիմքերի վրա դնել ուսանողական սպորտը, որի արդյունքը պետք է տեսնեինք 2020 թվականին: Այսինքն՝ այս երկար աշխատանքի արդյունքը պետք է տեսանելի լիներ նախորդ տարի: Սկզբում կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով ոչինչ չկարողացանք անել: Հիմա շատ բան զրոյից ենք սկսում:

Տարիների աշխատանքի արդյունքում ֆեդերացիան մեծ փորձ է ձեռք բերել, եւ կարծում եմ, կկարողանանք շատ արագ ամեն ինչ հունի մեջ դնել:

Այս ընթացքում ուսանողական սպորտի հետ ծանոթացել են գրեթե բոլորը, Հայաստանի բոլոր բուհերը: 10 բուհի հետ արդեն կնքել ենք համագործակցության հուշագրեր: Փորձում ենք ուսանողական սպորտը բերել ինստիտուցիոնալ մակարդակի վրա: Բուհ-ֆեդերացիա-նախարարություն կապ ենք փորձում ստեղծել եւ զարգացնել ուսանողական սպորտը: Այս առումով ձմեռային Ունիվերսիադայի պետական ֆինանսավորումը համարում եմ մեր ձեռքբերումներից մեկը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում