21:41  ,  20 սեպտեմբերի, 2021

Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Նորավանքի» հետ 0։0 հաշվով ավարտված խաղից հետո հրաժարական է ներկայացրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։  «Ալաշկերտը» Պրեմիեր լիգայի 5 խաղից հետո 2 միավորով նախավերջինն է։ 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանն առաջին անգամ այս տարվա մայիսին էր գլխավորել «Ալաշկերտը»՝ փոխարինելով Աբրահամ Խաշմանյանին: Դրանից առաջ նա 2019-ից մինչև այս տարվա մարտը Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչն էր:

Այս տարվա հուլիսի 22-ին Ալեքսանդր Գրիգորյանը խզել էր պայմանագիրը «Ալաշկերտի» հետ երկկողմանի համաձայնությամբ։ Մարզիչը ցանկություն էր հայտնել վերադառնալ Ռուսաստան կնոջ առողջական խնդիրների պատճառով:

Հուլիսի 31-ին նա դարձյալ գլխավորել էր «Ալաշկերտը», որը դուրս եկավ ՈւԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում