16:41  ,  17 սեպտեմբերի, 2021

«Բավարիայի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության է ենթարկվել

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Քինգսլի Քոմանը ենթարկվել է սրտի ոչ բարդ վիրահատության։ Այդ մասին ասուլիսում հայտնել է «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։

«Քինգսլի Քոմանը երեկ ենթարկվել է սրտի վիրահատության։ Նա սրտի ռիթմի ոչ մեծ խախտումներ ուներ, երբեմն կարճ ժամանակով շնչառության խնդիրներ էր ունենում։ Այդ պատճառով նա սրտի աշխատանքի երկարատեւ մոնիտորինգ անցավ եւ ենթարկվեց վիրահատական միջամտության։

Նա կանցկացնի կարդիոմարզումներ։ Մոտ երկու շաբաթ կբացակայի։ Դրանից հետո պարզ կդառնա, թե երբ Քոմանը կկարողանա միանալ ընդհանուր խմբին»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Բավարիան» սեպտեմբերի 18-ին կընդունի «Բոխումին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում