12:21  ,  8 սեպտեմբերի, 2021

Ռաֆայել Նազարյան. Ապացուցելու ենք, որ կարող ենք ավելին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանել է 2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում ուկրաինացիներից կրած պարտությունը 1:2 հաշվով, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել Ուկրաինայի Մ-21 հավաքականին հաղթանակի կապակցությամբ։ Տեխնիկապես և ֆիզիկապես բավականին ուժեղ թիմ է։ Ես չեմ կարող մեղադրել իմ տղաներին, քանի որ նրանք ներդրեցին իրենց ամբողջ ուժերն այս խաղում։ Բավականին դինամիկ, երկկողմանի գրոհներով խաղ ստացվեց։ Պետք է ֆուտբոլային և հոգեբանական առումներով բարելավենք մեր խաղը։ Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում յուրաքանչյուր միավորի համար։

Պարոն Նազարյան, արդյո՞ք Ձեզ գոհացնում է առաջին երեք հանդիպումից հետո վաստակած երեք միավորը։ 

Եթե անկեղծ՝ ինձ այս արդյունքը չի գոհացնում։ Մենք ապացուցելու ենք, որ կարող ենք ավելին, և խաղ առ խաղ բարելավելու ենք մեր արդյունքը։

Ինչո՞վ Ձեզ զարմացրեց Ուկրաինայի երիտասարդական հավաքականը։

Մեր մրցակիցը մեզ չզարմացրեց, քանի որ մենք բավական լավ էինք ուսումնասիրել նրանց. դիտել էինք ընկերական և պաշտոնական հանդիպումները։

Առաջին խաղակեսում Ուկրաինայի երիտասարդական հավաքականը բավականին բարձր պրեսինգ էր կիրառում խաղադաշտում։ Արդյո՞ք պատրաստ էիք դրան, և ո՞ւմ կառանձնացնեիք Ուկրաինայի Մ-21 հավաքականից։

Այո՛, խաղասկզբում նրանք բարձր պրեսինգ էին կիրառում, սակայն մենք պատրաստ էինք դրան, մարտավարություն փոխեցինք և շարունակեցինք խաղն այդ ձևով։ Մենք հյուրընկալվող թիմն էինք, խաղում էինք հակագրոհների վրա։ Ուկրաինայի հավաքականից կարող եմ առանձնացնել Արտյոմ Բոնդարեկոյին։ Շատ լավ ֆուտբոլիստ է, նրան ֆուտբոլային մեծ ապագա է սպասվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով