09:59  ,  6 սեպտեմբերի, 2021

ԵԱ. Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները, Հովհաննես Գաբուզյանը նվաճեց աշխարհի գավաթի ուղեգիր

Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում:

Վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է:

Հովհաննես Գաբուզյանը (19-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (26-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (32-րդ տեղ) մրցաշարն ավարտել են 7-ական միավորով, Ռոբերտ Հովհաննիսյանը (36-րդ տեղ)՝ 6.5, իսկ Սամվել Տեր-Սահակյանը (64-րդ տեղ)՝ 6:

Առաջին տեղը գրավել է  8.5 միավոր հավաքած ռուս Անտոն Դեմչենկոն, որը լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցել գերմանացի Վենսան Կեյմերից: Երրորդ տեղը գրավել է ռուս Ալեքսեյ Սարանան, որը վաստակել է 8 միավոր:

Եվրոպայի անհատական առաջնությունում 1-23-րդ տեղ գրաված շախմատիստները նվաճել են 2023թ. աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: Հովհաննես Գաբուզյանը նրանց թվում է:

Մրցաշարին մասնակցում էին 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն էր և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում