20:45  ,  4 սեպտեմբերի, 2021

Խոակին Կապառոս. Մեր մոտիվացիան պետք է լինի այն, որ խաղում ենք մեր ազգի համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում խոսել է Գերմանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպման մասին:

«Բնականաբար, հավաքականի ու ակումբների միջև տարբերությունը մեծ է: Մենք շարունակում ենք աշխատել թիմի փիլիսոփայությամբ, և պետք է հավատարիմ լինենք այդ գաղափարին: Պետք է մեր թիմային խաղի ուժեղությունը եռապատկենք, որպեսզի հաջողության հասնենք այսպիսի խաղում: Եթե ցանկանում ենք հասնել հաջողության, ապա ամեն ինչ պայմանավորված է թիմային խաղի մտածելակերպով:

Այսքան հզոր թիմի դեմ խաղալը չի ենթադրում լրացուցիչ մոտիվացիա: Մեր մոտիվացիան պետք է լինի այն, որ մենք խաղում ենք մեր ազգի ու ժողովրդի համար: Սա շատ բարդ, սակայն նաև շատ հետաքրքիր մարտահրավեր է մեզ համար: Նման դեպքում մեր մոտիվացիան չի կարող կախված լինել մրցակցից, այլ կախված է մեր առջև դրված մարտահրավերներից»,- ասել է իսպանացի մասնագետը:

Գերմանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ՝ 42-ամյա Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ և 10 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ունի 9 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան՝ 7, Ռումինիան՝ 6, Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 4 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում