21:01  ,  1 սեպտեմբերի, 2021

Խոակին Կապառոս. Մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանեց լրագրողների հարցերին։

«Հյուսիսային Մակեդոնիան այն թիմերից է, որը կարող է օրինակելի լինել։ Թիմն ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի։ Կազմում կան փորձառուներ, որոնք մասնակցել են Եվրո–2020–ին, կան նաեւ երիտասարդներ։ Մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին։

Մենք թիմային խաղ ենք դավանում։ Մխիթարյանն իհարկե շատ մեծ փորձով ֆուտբոլիստ է, եւ իր տաղանդը պետք է ծառայեցնի ի շահ թիմի, եւ սա կարող է բարելավել մեր խաղը։ Սա է հիմնական գաղափարը, որը կունենանք վաղվա խաղում։

Հարոյանի, Բայրամյանի եւ Բարսեղյանի փոխարինողների վերաբերյալ որոշում կլինի վաղը, վերջին մարզումից հետո։ Բայց մենք շեշտը դնում ենք թիմային գործողությունների վրա։

Չեմ կարծում, որ նոր գլխավոր մարզիչի օրոք Մակեդոնիայի հավաքականի խաղը կտրուկ փոփոխության կենթարկվի։ Նրանք տարբեր մարտավարություններ ունեն։ Կարողանում են խաղալ 5 պաշտպանով, 4 պաշտպանով։ Սակայն անկախ մրցակցի խաղաոճից, մենք մրցակցում ենք շատ բարձր մակարդակի վրա»,– ասուլիսում նշեց Կապառոսը։

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով