22:04  ,  27 օգոստոսի, 2021

Ռոնալդու․ Իտալիա, «Յուվե», Թուրին, ընդմիշտ կմնաք իմ սրտում

Թուրինի «Յուվենտուսից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում արած գրառումով հրաժեշտ է տվել իտալական ակումբի երկրպագուներին։

«Այսօր ես հեռանում եմ հրաշալի ակումբից՝ ամենամեծն Իտալիայում եւ խոշորագույններից մեկը Եվրոպայում։ Ես միշտ յուրաքանչյուր խաղում նվիրվել եմ «Յուվենտուսին» եւ ընդմիշտ սիրահարվել եմ Թուրինին։

Ակումբի երկրպագուները միշտ հարգանքով են վերաբերվել ինձ, եւ ես ձգտել եմ շնորհակալ լինել նրանց խաղադաշտում մղած պայքարով։ Հետ նայելով՝ կարելի է ասել, որ մենք հասել ենք մեծ նվաճումների՝ ոչ բոլորին, որոնց ձգտել ենք, բայց միասին մենք գրեցինք հրաշալի պատմություն։

Ես ընդմիշտ կմնամ ձեզնից մեկը։ Դուք դարձաք իմ պատմության մասը, ես էլ՝ ձեր։ Իտալիա, «Յուվե», Թուրին, տիֆոզի բիանկոների, ընդմիշտ կմնաք իմ սրտում»,- գրել է Ռոնալդուն։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009-ին, 292 խաղում խփել է 118 գոլ։ Հասցրել է 4 տարի խաղալ Ուլե-Գունար Սուլշերի հետ։ 48-ամյա նորվեգացին այժմ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչն է։

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ նա դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։ 

2009-2018-ին Ռոնալդուն հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», որի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ 

«Յուվենտուսում» Ռոնալդուն երկուական անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի կոչումները, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում