12:59  ,  27 օգոստոսի, 2021

«Նորավանքը» բողոքարկել է «Արարատի» դեմ խաղի մի քանի դրվագներ

«Նորավանքը» բողոքարկել է Երևանի «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրի հանդիպման մի քանի դրվագներ: Պրեմիեր լիգայի նորեկը հանդես է եկել հայտարարությամբ:

«Տեղեկացնում ենք, որ բողոքարկել ենք «Արարատ»-«Նորավանք» հանդիպման մրցավարական որոշումները մի քանի դրվագով՝

  1. Մրցակցի ֆուտբոլիստը գնդակը ստանում է խաղից դուրս վիճակում և գրոհը ավարտվում է գոլով,
  2. Մրցակցի ֆուտբոլիստը կասեցնում է մեր ֆուտբոլիստի արագ գրոհը՝ բռնելով և քաշելով նրա շապիկից։ Նշված իրավիճակում մրցավարը դեղին քարտ ցույց չի տալիս մրցակցի ֆուտբոլիստին,
  3. Մրցակցի ֆուտբոլիստը խախտում է խաղի կանոնները, մրցավարը ցույց չի տալիս դեղին քարտ կամ այլ կերպ չի զգուշացնում վերջինիս։ Նշվածից հետո մեր ֆուտբոլիստը թույլ է տալիս խախտում, որի համար ստանում է դեղին քարտ մրցավարից,
  4. Մրցակից թիմի ֆուտբոլիստը թույլ է տալիս կանոնների ակնհայտ խախտում, որի համար մրցավարն առնվազն պետք է նշանակեր 11մ հարված, սակայն, դա չի կատարվում և մրցավարը առհասարակ չի արձագանքում այս խախտմանը, ինչը պետք է աներ,
  5. Մրցակից թիմի ֆուտբոլիստը դրսևորում է ակնհայտ ոչ ֆուտբոլային և սպորտային պահվածք, սակայն, կրկին մրցավարը չի արձագանքում այս վարքագծին, ակնհայտորեն մոտ լինելով և տեսնելով այդ դրվագը,

6.Նշանակված լրացուցիչ ժամանակը շուտ է ավարտել այն պարագայում, երբ կար կանոնների խախտում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած խաղում «Արարատն» առավելության էր հասել 3։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում