15:41  ,  26 օգոստոսի, 2021

Հայաստանի հավաքականը սկսեց հավաքը, առաջին մարզմանը մասնակցել են 12 ֆուտբոլիստներ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հավաքն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում՝ պատրաստվելով Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 26-ին կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Դավիթ Յուրչենկոն ներկա էր մարզմանը, սակայն առայժմ չի մարզվում: «Ալաշկերտի» դարպասապահի՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու հարցը հայտնի կդառնա բժշկական մանրակրկիտ հետազոտության արդյունքներից հետո:

Արտակ Գրիգորյանը և Տարոն Ոսկանյանը չէին մասնակցում մարզմանը, քանի որ «Ալաշկերտի» կազմում պատրաստվում են շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպմանը:

Կամո Հովհաննիսյանը և Իշխան Գելոյանը հավաքականին կմիանան օգոստոսի 27-ին, իսկ Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը և Դավիդ Դավիդյանը՝ օգոստոսի 28-ին: Մնացած բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Վարազդատ Հարոյանի, կմիանան ազգային հավաքականին օգոստոսի 30-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում: Հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը որակազրկման պատճառով բաց է թողնելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը, նա հավաքականին կմիանա սեպտեմբերի 2-ին Սկոպյեում:

Հավաքականը Սկոպյե կմեկնի չարտերային ուղերթով՝ օգոստոսի 30-ի առավոտյան: 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում