16:05  ,  26 օգոստոսի, 2021

Ռաֆայել Նազարյանը խախտել է հակահամաճարակային կանոնները

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:

ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը «Նոայի» դեմ խաղում իրավունք չի ունեցել գտնվել ստադիոնի տարածքում, քանի որ ինքնամեկուսացված էր: Սակայն նա խախտել է հակահամաճարակային կանոնները և ինքնամեկուսացումը ու խաղի առաջին րոպեից գտնվել է ստադիոնի տարածքում։

«Համաձայն հետխաղային զեկույցի`ԲԿՄԱ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հայտավորված էր խաղի համար՝ իրավունք չուներ գտնվել մարզադաշտի տարածքում, քանի որ ինքնամեկուսացված էր: Սակայն նա, խախտելով հակահամաճարակային կանոնները և ինքնամեկուսացումը, խաղի առաջին իսկ րոպեից գտնվում էր մարզադաշտի տարածքում։ Խաղասկզբին նա փորձում էր տալ հրահանգներ իր խաղացողներին։ Անտեսելով մրցավարի հրահանգը, որ պետք է հեռանա՝ նա չհեռացավ մարզադաշտից, ընդամենը հեռացավ 5-10 մետր։ Այս միջադեպի պատճառով խաղը կանգնեցվեց 3 րոպեով։ Այնուհետև մարզադաշտի անվտանգության աշխատակիցը Ռ․ Նազարյանին պարտադրեց անցնել խաղադաշտին հարող տարածքի ցանկապատից այն կողմ։ Անվտանգության աշխատակիցը չներկայացավ նախախաղային խորհրդակցությանը։

Կոմիտեն ղեկավարվելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 3-րդ հոդվածով, 4-րդ հոդվածի 4.01, 4.02 կետերով, 5-րդ հոդվածի 5.01 կետով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածի 21.04 կետով, 28-րդ հոդվածի 28.01 կետով՝ 5 կողմ և 1 դեմ ձայներով որոշեց`

1.1. ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից կարգապահական վարույթի ընթացքում ուսումնասիրման առարկա չեն կարող հանդիսանալ ֆուտբոլային սուբյեկտների կորոնավիրուսով հիվանդ լինելու և ինքնամեկուսացման պահանջները խախտելու հետ կապված հարցերը և այդ հարցերին իրավական գնահատական տալը դուրս է կոմիտեի իրավասություններից: Սակայն, հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ Կոմիտեն որոշեց դիմել ՀՖՖ գլխավոր քարտուղարին ձեռնարկելու միջոցներ՝ հետխաղային արձանագրության մեջ ներառված փաստերի, ինչպես նաև COVID-19–ով պայմանավորված հակահամաճարակային կանոնների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

1.2. Հաստատված համարել «ԲԿՄԱ» թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի կողմից կարգապահական խախտում կատարելու հանգամանքը և ղեկավարվելով ՀՖՖ Կարագապահական և էթիկայի կանոնակարգի 5-րդ հոդվածի 5.02 կետով Ռաֆայել Նազարյանին 2 խաղով զրկել ծառայողական պարտականությունների կատարելու իրավունքից:

1.3. Հաստատված համարել «ԲԿՄԱ» թիմի կողմից ՀՖՖ Կարագապահական և էթիկայի կանոնակարգի 40-րդ հոդվածի 40-րդ կետով կարգապահական խախտում կատարելու հանգամանքը և «ԲԿՄԱ» թիմին հայտարարել նկատողություն»,- ասվում է արձանագրության մեջ:

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում