12:05  ,  25 օգոստոսի, 2021

Խոակին Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լրագրողների հետ հանդիպմանն ուղիղ եթերում հրապարակել է թիմի կազմը Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերի համար:

Ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն իսպանացի մասնագետի որոշմամբ չէր հրավիրվել ազգային թիմի նախորդ հավաքին:

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի հավաքական են վերադարձել «Փյունիկ» վերադարձած Էրիկ Վարդանյանը և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը, ինչպես նաև առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող Կալինինգրադի «Բալտիկայի» կիսապաշտպան Իշխան Գելոյանը:

Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին օգոստոսի 29-ից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյան («Ուրարտու»), Անատոլի Այվազով («Ուրարտու»):

Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»), Կամո Հովհաննիսյան («Կայրաթ»), Վարազդատ Հարոյան («Կադիս»), Անդրե Կալիսիր («Սիլկեբորգ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հրայր Մկոյան («Արարատ»), Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա»):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»), Տիգրան Բարսեղյան («Աստանա»), Դավիթ Դավիդյան («Խիմկի»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»), Վահան Բիչախչյան, («Ժիլինա») Խորեն Բայրամյան («Ռոստով»), Սոլոմոն Ուդո («Ատիրաու»), Էդաուրդ Սպերցյան («Կրասնոդար»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Արշակ Կորյան («Օրենբուրգ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա»):

Հարձակվողներ. Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ»), Ալեքսանդր Կարապետյան («Նոա»), Իշխան Գելոյան («Բալտիկա»):

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով