18:09  ,  16 օգոստոսի, 2021

NBA-ի թուրք բասկետբոլիստ. Կիսում եմ միլիոնավոր հայերի ցավը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բոստոն Սելթիքս» ակումբի թուրք խաղացող Էնես Կանտերը Ինստագրամի իր պաշտոնական էջում կոչ է արել ճանաչել հայերի ցեղասպանությունը։ 

«Բոլոր մարդկանց համար իրավունքների պաշտպանության ձգտումով նախորդ մի քանի շաբաթների ընթացքում հնարավորություն եմ ունեցել հանդիպել մի քանի հարգարժան պատմաբանների եւ գիտնականների հետ։ Այդ հանդիպումները բացեցին իմ աչքերը եւ թույլ տվեցին ավելի շատ իմանալ հայերի ցեղասպանության մասին եւ բախվել իմ տգիտության հետ։ 

Թուրքիայում կրթական համակարգը ազգայնական է, կանխակալ եւ անտեսում է միլիոնավոր մարդկանց անցյալն ու տառապանքները։

Այսօր ես կիսում եմ միլիոնավոր հայերի ցավը։ Կարծում եմ, որ Թուրքիան պետք է ընդունի իր անցյալի եւ ներկայի հանցագործությունները։ Հավատում եմ, որ մի օր ժողովրդավարությունը կհաղթի Թուրքիայում եւ այդ ժամանակ միլիոնավոր մարդկանց՝ այդ թվում հայերի եւ այլ ազգային փոքրամասնությունների վերքերը կամոքվեն։ 

Բռնապետ Էրդողանը սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանը։ Մյուս բռնակալների նման, նա նույնպես կկորցնի իշխանությունը եւ կդատվի։ Նա ոչնչացնում է ժողովրդավարությունը եւ մարդկանց ազատությունները։

Հաջորդ շաբաթ բասկետբոլային հավաք եմ նախատեսում Լոս Անջելեսում իմ հայ եղբայրների եւ քույրերի համար։ Սա կլինի առաջին քայլը երկու հրաշալի երկրների միջեւ սիրո եւ խաղաղության կամուրջներ կառուցելու գործում։ Ժամանակն է քանդել բոլոր պատերը եւ բացել սրտերը։ Սա լույսի սկիզբն է»,– գրել է Կանտերը Ինստագրամում։ 

Թուրքիայում Կանտերի հորը 2018 թվականին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Որդին հոր ազատազրկումը կապում է Թուրքիայի պետության եւ Էրդողանի հասցեին սուր քննադատության հետ։ Էնես Կանտերը զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում