13:12  ,  13 օգոստոսի, 2021

Ալեքսանդր Գլիշիչ. Այս գոլն ու հաղթանակը ձեզ համար է, սիրելի հայեր

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ղազախական «Կայրաթի» նկատմամբ պատմական հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում 28-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս գալուց հետո հաղթական գոլ էր խփել լրացուցիչ ժամանակում:

«Ինչ երեկո էր հայկական ֆուտբոլի, այս ակումբի և մեզ համար: Մենք պատմություն կերտեցինք այս երեկո և ցուցադրեցինք, որ ցանկացած բան հնարավոր է, երբ դու հավատում ես դրան ու ցանկանում ես դա:

Այս գոլն ու հաղթանակը ձեզ համար է, իմ սիրելի հայեր: Սիրում եմ բոլորիդ»,- Ինստագրամում գրել է Ալեքսանդր Գլիշիչը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակում հաղթել 3։2 հաշվով։ Ալմաթիում անցկացված առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի, իսկ Ալեքսանդր Գլիշիչը չէր կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հայկական ակումբը կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսի» հետ, որի գլխավոր մարզիչն է անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը: Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին Գլազգոյում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 26-ին Երևանում:

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած թիմերն առնվազն ապահովել են ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով