10:04  ,  13 օգոստոսի, 2021

«Կայրաթի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել «Ալաշկերտին» պարտվելուց հետո

Ղազախական «Կայրաթի» գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո հրաժարական է տվել:

«Ցավոք, մեզ չհաջողվեց հասնել արդյունք, որը կգոհացներ մեզ: Այդ պատճառով որոշել եմ հրաժարական տալ: Շնորհակալ եմ ակումբին վստահության ու «Կայրաթի» հիմնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատելու հնարավորության համար»,- 42-ամյա ղրղզ մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակում հաղթել 3։2 հաշվով։ Ալմաթիում անցկացված առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի:

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հայկական ակումբը կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսի» հետ, որի գլխավոր մարզիչն է անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը: Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին Գլազգոյում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 26-ին Երևանում:

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած թիմերն առնվազն ապահովել են ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում