14:30  ,  12 օգոստոսի, 2021

Արթուր Դավթյան. Ամեն ինչ կանեմ, որ օլիմպիական մեդալի գույնը փոխեմ Փարիզում

Կպատրաստվեմ Փարիզի Օլիմպիական խաղերին եւ ամեն ինչ կանեմ, որ այս օլիմպիական մեդալի գույնը փոխեմ:

Այս մասին լրագրողներրի հետ հանդիպմանն ասել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկն ամփոփել է Տոկիո-2020-ը: Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ում պատմական նվաճում գրանցեց՝ 41 տարվա դադարից հետո Հայաստանին բերելով առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում:

«Սպասելիքներով էինք գնում, որ կկարողանանք մեդալ նվաճել: Շատ բարդ ու երկար ճանապարհ էր մինչեւ այս մեդալը: Մենք կարողացանք այդ դժվարությունները հաղթահարել մեր մարզիչներ Հակոբ Սերոբյանի և Հայկ Նազարյանի շնորհիվ: Նրանց դերն այս հաջողությունում շատ մեծ է: Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք օգնում էին մեզ, սպասում ու հավատում մեր հաջողությանը:

Որակավորման փուլում շատ լավ հանդես եկա: Դրանից հետո 8 օր սպասեցի եզրափակիչին: Շատ ծանր էր անցնում մեր օրերն այդ սպասելու ընթացքում: Ես եւ Հայկ Նազարյանը փորձում էինք ամեն ձեւ զբաղեցնել մեր մտքերը այլ բաներով: Լարված էին այդ 8 օրերը, քանի որ արդեն ուզում էի մասնակցել: Փառք Աստծո, կարողացանք ամեն ինչ հաղթահարել եւ մեդալով վերադառնալ հայրենիք:

Կարող էր ոսկե մեդալ լինել, բայց բրոնզե մեդալն էլ ինձ համար ոսկու արժեք ունի: Մեր պայմաններում այս մեդալն, իրոք, ոսկի արժի: Իրականում, մեր պայմանները շատ վատն են, չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Շարունակելու եմ մարզվել: Պատրաստվելու եմ Փարիզի Օլիմպիական խաղերին: Ամենակարեւորը՝ վնասվածք չունենամ: Այժմ պետք է բուժվեմ, քանի որ ունեմ ոտքի եւ մեջքի վնասվածք: Բաց կթողնեմ աշխարհի առաջնությանը: Այս տարի արդեն մեծ արդյունքներ ունեցա եւ այդ առումով ավելի լավ է բուժվեմ: Ձգտելու եմ, ամեն ինչ կանեմ, որ այս օլիմպիական մեդալի գույնը փոխեմ:

Տոկիո-2020-ին պատրաստվեցինք Վրաստանում: Այնտեղ կա շատ լավ դահլիճ՝ լավագույն պայմաններով: Հուսամ՝ արդեն Փարիզի Օլիմպիական խաղերին կպատրաստվենք ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում՝ մեր նոր մարզադպրոցում:

Լավ կլինի, որ մենք ունենանք մեր մարզադպրոցը՝ լավ պայմաններով, մարզագույքով, որ մեր հետեւից եկող սերունդը չկանգնի այն դժվարությունների առաջ, որոնց մենք ենք հանդիպում: Կոչս մարմնամարզությամբ զբաղվող երեխաներին, այս ճանապարհը նոր սկսողներին՝ լավ մարզվեք, լսեք ձեր մարզիչներին, շատ աշխատեք, մի ընկճվեք դժվարություններին հանդիպելիս եւ արդյունքներն անպայման կլինեն»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հենացատկի վարժությունում օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր դարձավ 14.733 միավորով՝ զիջելով միայն oլիմպիական չեմպիոն դարձած կորեացի Շին Ջի Հվանին (14.783 միավոր) եւ երկրորդ տեղը գրաված ռուս Դենիս Աբլյազինին (14.783 միավոր): Նախորդ անգամ Հայաստանը սպորտային մարմնամարզությունում օլիմպիական մեդալ նվաճել էր 1980 թվականին Մոսկվայում տեղի ունեցած 22-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում թիմային բազմամարտի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Reuters

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում