20:46  ,  11 օգոստոսի, 2021

«Կայրաթի» գլխավոր մարզիչ. Կարծում եմ՝ Կամո Հովհաննիսյանի համար հաճելի կլինի խաղալ «Հանրապետականում»

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ ղազախական «Կայրաթի» գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը Երեւանում խոսել է իր ղեկավարած թիմի եւ Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանի մասին։ «Կայրաթը» կհյուրընկալվի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին»։

«Կամո Հովհաննիսյանն ու թիմի բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են եւ լի են ցանկությամբ անցկացնելու լավ հանդիպում։

Կամոն Հայաստանի հավաքականի խաղացող է, եւ ես կարծում եմ՝ նրա համար հաճելի կլինի վաղը խաղալ այս ստադիոնում։ Բոլորս նրանից եւ մյուսներից սպասում ենք լավ խաղ։

Նախորդ հանդիպումից հետո մեր կազմում կան որոշակի փոփոխություններ, որոնք կտեսնեք խաղադաշտում»,– Կեկերի խոսքը մեջբերում է «Կայրաթի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» և «Կայրաթի» միջև Ալմաթիմում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0։0: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 19:00-ին:

Այս զույգի հաղթողը փլեյ-օֆֆում կմրցի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ, որը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում 2 խաղերի արդյունքում (1:2, 1:2) պարտվել է շվեդական «Մալմյոյին» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում «Ֆոլա Էշն» արտագնա հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս